Հայաստան 

ՀԱԷԿ-ում վերանորոգումը կտևի 46 օր, մինչև նոյեմբերի 11-ը

analitik.am

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան եւ ծանոթացել կայանում իրականացվող  տարեկան պլանային նորոգման եւ վերալիցքավորման աշխատանքների ընթացքին: ՀԱԷԿ-ում վերանորոգման աշխատանքները սկսվել էին սեպտեմբերի 27-ին եւ  կտեւեն  46 օր:

Նախարարի խոսքով՝ աշխատանքների կատարման համար կազմվել է ժամանակացույց եւ այսօր կայանի պրոֆիլակտիկ նորագումն ընթանում է այդ ժամանակացույցի համաձայն: Աշխատանքների համար կպահանջվի մոտ 3 մլրդ դրամ, ինչն արդեն իսկ հաշվարկված է սակագնի մեջ, եւ այդ ծախսը որեւէ ազդեցություն չի ունենա  գործող սակագնի վրա:

«Ռեակտորը բացելուց հետո պարզվեց, որ անհրաժեշտ կլինի իրականացնել լրացուցիչ աշխատանքներ եւս: Խոսքը շոգեգեներատորում կոմպոզիցիոն 2 կարաների /շովերի/ վերականգնման աշխատանքների մասին է, որը մենք կանխատեսում էինք, բայց չէինք նախատեսել: Այդ աշխատանքը շատ կարեւոր ու պատասխանատու աշխատանք է, ուստի մենք հրավիրել ենք համապատասխան մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից եւ Չեխիայից»,- շրջայցից հետո ասաց նախարար Երվանդ Զախարյանը: 

Նախարարի խոսքով արվում է հնարավոր ամեն ինչ, որ լրացուցիչ աշխատանքները չազդեն ժամկետի վրա եւ ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միանա ժամանակցույցի համաձայն՝ նոյեմբերի 11-ին:

Երվանդ Զախարյանը տեղեկացրեց նաեւ, որ ՌԴ-ից հրավիրվել է նաեւ գիտական խումբ, որն ուսումնասիրում է սարքավորումների տեխնիկական վիճակը: Նախնական գնահատականների համաձայն տեխնիկական վիճակի հետ կապված խնդիրներ չեն լինի: Ընդհանուր առմամբ ՀԱԷԿ-ի տարեկան պլանային նորոգման աշխատանքներում ներգրավված են մոտ 700 մասնագետներ, որոնցից 300-ը հրավիրված են արտերկրից::

Ինչ վերաբերում է էներգամատակարարման ռեժիմներին, ապա նախարարը վստահեցրեց, որ էներգամատակարարման հետ կապված խնդիրներ չկան ու չեն կարող լինել, քանի որ էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակությունն այս պահին վերցվում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից:

Նույն շարքից