Հայաստան 

Գագիկ Բեգլարյանը Շիրակի մարզում ծանոթացել է Արդենիս-Բերդաշեն վերանորոգված ավտոճանապարհի որակի

analitik.am

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ` ծանոթանալու Արդենիս – Բերդաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Հ-66, Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Մ-1) կատարված վերանորոգման աշխատանքների որակին: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Տրանսպորտի և կապի նախարարութան համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացրած «Ամարասշին» ընկերության պատասխանատուները նախարարին զեկուցել են, որ ճանապարհի 5.3 կմ երկարությամբ հատվածում կատարվել են ճանապարհային ծածկի կառուցման, հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման, արհեստական կառուցվածքների նորոգման, ինչպես նաև՝ ճանապարհի կահավորման աշխատանքներ: Հաշվի առնելով տվյալ ճանապարհահատվածի ցածր ինտենսիվությունը՝ այստեղ լավագույն լուծումը սառը վերաօգտագործման եղանակով ավազակոպճային հիմքով ծածկի օգտագործումն է:

Նախարարը նշել է, որ նման ճանապարհի համար ճիշտ որոշում է կայացվել, և լավ սպասարկման դեպքում այն կծառայի իր նպատակին:

Մինչ վերանորոգումը ճանապարհահատվածի պաստառը վատ վիճակում էր, ասֆալտբետոնե ծածկն ամբողջովին քայքայված էր, առկա էին տարբեր խորությամբ և մեծ մակերեսով փոսեր, որի հետևանքով երթևեկությունն այդ հատվածում դժվարանցանելի էր: Բացակայում էին նաև երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, այդ թվում՝ մետաղական արգելափակոցները, ճանապարհային նշանները:

Բացի Արդենիսը Բերդաշենին կապող ճանապարհահատվածը, հիմնանորոգվել է Բերդաշեն համայնքով անցնող կամուրջը:

Արդենիս – Բերդաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհը վերանորոգվել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Աշխատանքների պայմանագրային արժեքը 127 մլն 883 հազ. 276 դրամ է:

 

Նույն շարքից