Հայաստան 

Մանրամասներ Գյումրիում եռյակի հանրահավաքից

analitik.am

Գյումրիում եռյակը՝ «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունները, համատեղ հանրահավաք են անցկացնում, որը Երևանում կայանալիք համապետական հանրահավաքից ընդառաջ վերջին հանրահավաքն է։

Հանրահավաքը վարող ԲՀԿ մամուլի խոսակ Տիգրան Ուրիխանյանը նշեց, թե ի պատասխան այն հարցադրմանը, թե ինչո՞ւ են հիմա խոսում անդունդի եզրին կանգնած երկրի մասին, որտե՞ղ էին 12 տարի առաջ, ասաց. «Հիմա է ուզում ժողովուրդը, հիմա ենք հարցը բարձրացնում»։

Ըստ նրա, արհեստական են այն հարցադրումները՝ լինելո՞ւ են այս կուսակցությունների առաջնորդները հոկտեմբերի 10-ի հանրահավաքին։ «Մենք շատ շիտակ ասել ենք, որ մենք ժողովրդի հետ ենք, կարևորն այն է, թե ժողովուրդը գալո՞ւ է, թե՞ ոչ։ Հերիք է մարդկանց արհամարհեք, ժողովո՛ւրդն է գալու»,-ասաց նա։

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, թե չի ուզում շնորհակալություն հայտնել հանրահավաքին գալու համար, քանի որ, ըստ նրա, ուղղակի պահը օրհասական է։

Նա խոսեց Գյումրիի երբեմնի փառքի մասին և այսօրվա խղճուկ վիճակի մասին՝ եզրակացնելով, թե որքան հրատապ է այս համախմբումը, իսկ խնդիրները նոր իշխանության կողմից հստակ լուծելի են։ «Ես շատ եմ ման եկել հատկապես Շիրակում, հանրապետության մյուս քաղաքներում, տեսել՝ ինչ է տեղի ունենում։ Իշխանությունների հետևողական քաղաքականության պատճառով ժողովրդի մեծ մասը տոկոսների տակ է»,-ասաց նա։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, թե ժողովուրդն է երկրի իրական տերը և բոլոր նրանք, ովքեր ժողովրդին այս վիճակին են հասցրել, պատասխան են տալու, այդ թվում նաև «բոլոր փոքրիկ քաղաքապետիկները»։ Նա բացատրեց, թե ինչու է քաղաքապետիկ ասում. «Որովհետև փոքր մարդը կարող է ասել՝ գնացիք հանրահավաքի, հայտնվելու եք աղբարկղում։ Աղբամանը իրենց համար սովոր միջավայր է, քանի որ իրենց տերերը իրենց վրա օրը տասն անգամ թքում են, տրորում, հետո աղբամանից հանում՝ դնում են պաշտոնների»։

 

Նա հայտարարեց, որ թույլ չեն տա, որ «սահմանադրական չարեփոխումներով իշխանությունները վերարտադրվեն»։

 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ամբիոնից հիշեցրեց գյումրեցիներին, որ 2013թ-ի նախագահական ընտրություններում իրենք 77% «խփելով» ցույց տվեցին, թե ով է Գյումրին:

«Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տալով՝ ցույց տվեցիք, որ այս իշխանությունը անօրինական է: Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք իշխանափոխություն, ուզում էիք 2018-ին, ուզո՞ւմ եք հիմա: Ուրեմն դուք ձեր պահանջը ձևակերպեցիք… Մենք կարևոր ժամանակ ենք ապրում, այս իշխանությունները մեր կողմից ընդունված չեն, բայց նրանք մեր քաղաքացիներն են, ու մենք այս պայքարը մեր երկրի համար ենք անում»,-ասաց նա:

 

Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե ընդդիմությունն իշխանություններին բազմաթիվ հնարավորություններ տվեց, որ գործ անեն, խնդիրներին միասնական լուծում գտնվի, բայց իշխանությունը ցանկանում է, որ երկրում ֆեոդալական կարգեր հաստատվեն:

 

«Մենք չունենք այլ ճանապարհ, քան իշխանափոխությունն է: Հոկտեմբերի 10-ից սկսում է բարեփոխումների շրջանը: Մենք միասնական ենք, երեք ընդդիմադիր ուժերը ձեզ հետ միասին սկսելու են արմատական փոփոխությունների շրջանը: Միասին դեպի հաղթանակ»,-կոչ արեց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ունեն իշխանափոխության օրակարգ և հարցրեց, թե համաձա՞յն է ժողովուրդը գալ Ազատության հրապարակ։

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ դիմեց Գյումրու ոստիկանապետին և նշեց, որ վերջինս իր հաշվարկի մեջ սխալվել է. «Բա ասում էիր՝ մարդ չի գալու, բայց հրապարակը լիքն է: Ես առաջարկում եմ բոլոր իշխանավորներին հանրահավաքների դեմը չառնել: Գյումրին հպարտ է, արժանապատիվ ու թասիբով է, ու այս թասիբով կգնանք ու մեր ասելիքը կասենք»։

 

Նա հավելեց, որ այսօր Հայաստանում լրիվ նոր իրականություն է. երեք հզոր լիդերներ, որոնք հաճախ շատ տարբեր են, միացել են մեկ խնդրի շուրջ՝ փրկելու Հայաստանն արագընթաց սպառվելուց. «Հայաստանը սպառվում է, ու այս քաղաքական ուժերն այդ ընթացքը կանգնեցնելու հայտ են ներկայացրել: Մենք միացել ենք ու ասում ենք՝ առաջնորդիր, ժողովո՛ւրդ, մենք գնում ենք այս խնդիրը լուծելու: Մեր միասնականությունն արդեն փաստ է, դո՛ւք եք մեզ պետք»։

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, թե գյուղերը դատարկվել են. «Նահանջել չկա, միակ տարբերակն այն է, որ ժողովրդի ուժով գնալու ենք՝ վերցնենք ժողովրդին պատկանող իշխանությունը»։

Նույն շարքից