Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց խմբակցություններ–Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուիժնիքսի հանդիպումը, որին մասնակցում էին ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ։
Հանդիպմանը «Հանրապետական» խմբակցությունից մասնակցում էր խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ մյուս խմբակցություններից, հիմնականում ներկայացված էին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից» Արմեն Ռուստամայնը, «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը, «Օրինաց երկրից»՝ Մհեր Շահգելդյանը, «Հայ ազգային կոնգրեսից»՝ Լևոն Զուրաբյանը և այլք:
Մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկվել են բազմաթիվ հարցեր, իսկ կոնկրետ ինքը բարձրացրել է սահմանադրական բարեփոխումներ, «Մարտի 1–ին», Շանթ Հարությունյանի գործին առնչվող հարցեր:
«Ես կարող եմ ասել՝ ես ինչ հարցեր եմ բարձրացրել, խոսել եմ «Մարտի 1–ի» հանցագործությունների չբացահայտվածության մասին, այն մասին, որ մարդու կյանքի իրավունքը, փաստորեն, խախտված է, որովհետև հանցագործները պատժված չեն, և այն պահանջը, որ պետք է բացահայտվեր իշխանությունների հրամանի շղթայով՝ չի արվել»,– ասաց նա:
«Երկրորդ՝ խոսել եմ այն մասին, որ Հայաստանում մերժված է նաև սեփական կառավարություն և իշխանություն ընտրելու իրավունքը, որովհետև Հայաստանում հնարավոր չէ ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը, խոսեցի սահմանադրական փոփոխությունների մասին, Շանթ Հարությունյանի մասին, որ մի շարք չափանիշների համաձայն՝ նրան կարելի է որակել քաղբանտարկյալ»,– հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
Պատվիրակության մյուս անդամների և հանձնակատարի հետ զրուցել չհաջողվեց, քանի որ վերջինս շտապում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպմանը, իսկ մյուսները՝ եռյակի նիստին: