Հայաստան 

Նվազել է հին նմուշի անձնագրերի տպագրությունը

analitik.am

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանն այսօր լրագրողներին ներկայացրեց 2014 թ.-ի 9 ամիսների ընթացքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կատարած աշխատանքները՝ տեղեկացնելով, որ կտրուկ նվազել է հին նմուշի անձնագրերի տպագրությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը, նախորդ տարվա 9 ամիսների համեմատ կտրուկ նվազել է հին նմուշի անձնագրերի տպագրությունը: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին տպագրվել է 100 հազար 879 հին նմուշի անձնագիր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 344 հազար 919-ի փոխարեն»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ հին նմուշի անձնագրեր տրամադրվում են քաղաքացու ցանկությամբ: Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիներին հանձնվել է 93 հազար 519 կենսաչափական անձնագիր և 267 հազար 668 նույնականացման քարտ: Թվով 362 հազար 601 քաղաքացիների անձնագրերում կատարվել են օտարերկրյա պետությունում վավերականության նշումներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 461 հազար 664-ի փոխարեն: Երկարաձգվել է 76 հազար 447 քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 78 հազար 494-ի փոխարեն:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից միգրացիոն օրենքների փոփոխությանը՝ Միշա Սարդարյանը նշեց, որ փոփոխությունը վերաբերում է ոչ թե քաղաքացիությունից հրաժարվելու կարգին, այլ նրան, որ եթե ստացել ե քաղաքացիություն, սահմանված կերպով տեղեկացրեք միգրացիոն ծառայությանը: Իսկ եթե տեղեկատվությունն ուշ է ներկայացվում, դրա համար սահմանված է վարչական տուգանք: «Նմանատիպ ոչ բարենպաստ երևույթներից խուսափելու համար մենք խորհուրդ ենք տալիս մեր քաղաքացիներին անպայման ճշգրտել փաստաթղթերը»,- ասաց նա՝ շեշտելով, որ երկքաղաքացիությունից հրաժարվելու պահանջ ՌԴ օրենքով չի ներկայացվում:

Նույն շարքից