Հայաստան 

Գալուստ Սահակյան. ԵԽ-ն կարող է ուղղակի շփումներ հաստատել Ղարաբաղի հետ

analitik.am

Թեև Եվրոպայի խորհուրդը հակամարտությունների կարգավորման համապատասխան մանդատ և մեխանիզմներ չունի, կազմակերպությունը կարող է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից անկախ ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով ԼՂ խնդրի կարգավորման՝ ԵԽ առջև ստանձնած հանձնառությունը: Թեև Եվրոպայի խորհուրդը հակամարտությունների կարգավորման համապատասխան մանդատ և մեխանիզմներ չունի, կազմակերպությունը կարող է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից անկախ ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում»,-ասել է ԱԺ նախագահը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի հաստատակամությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաև Ադրբեջանի պատրաստակամությունը, սակայն շարունակում են անհանգստության տեղիք տալ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները, պատերազմի սպառնալիքները, ատելության սերմանումը, ռազմական ծախսերի անհամաչափ աճը, սպառազինությունների կուտակումը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաև, որ ազգերի ինքնորոշումը մարդու հիմնական իրավունքների իրագործման երաշխիքն է, և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ինքնորոշվել է ժողովրդավար հասարակության մեջ ապրելու նպատակով: Հնարավոր չէ ապրել և վայելել սեփական իրավունքները մի երկրում, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, որտեղ հայերին համարում են թիվ մեկ թշնամի, անգամ հետապնդվում են քաղաքացիական հասարակության այն ակտիվ անդամները, ովքեր համարձակվում են երկխոսության մեջ մտնել Հայաստանի իրենց գործընկերների հետ, ինչպես օրինակ, այս տարվա Սախարովի մրցանակի հավակնորդ Լեյլա Յունուսը:

Նույն շարքից