Հայաստան 

Թևան Պողոսյանն առաջարկում է տեսագրել խորհրդարանական հանձնաժողվների դռնբաց նիստերը

analitik.am

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկում է տեսագրել խորհրդարանական հանձնաժողվների դռնբաց նիստերը, ինչպես նաև խորհրդարանական լսումները և տեսագրությունները տեղադրել ԱԺ կայքում: Պատգամավորի հեղինակած համապատասխան օրենքի նախագիծն ընդգրկված է խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգում: Ներկայացված նախագծով պատգամավորն առաջարկում է ամրագրել, որ մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի հանձնաժողովների դռնբաց նիստերը, ինչպես նաեւ խորհրդարդանական լսումներն Ազգային ժողովի ինտերնետային կայքում ուղիղ եթերով առցանց հեռարձակելու տեխնիկական անհնարինության դեպքում՝ Ազգային ժողովի աշխատակազմն իրականացնում է հանձնաժողովների դռնբաց նիստերի, ինչպես նաեւ խորհրդարանական լսումների տեսագրությունները, որոնք տեսագրման օրվան հաջորդող օրը տեղադրում Ազգային ժողովի ինտերնետային կայքում:


Պատգամավորն այն կարծիքին է, որ առաջարկվող օրենքի նախագիծը կնպաստի ՀՀ Ազգային ժողովի մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների գործունեության առավել հրապարակային լուսաբանմանը, որն էլ իր հերթին կհանգեցնի մշտական հանձնաժողովների գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ ՀՀ ԱԺ աշխատանքները դարձնելով առավել թափանցիկ:

 

Օրենքի նախագծի շնորհիվ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան ինչպես հետեւել ՀՀ ԱԺ հանձնաժողովների աշխատանքային գործունեությանը: Քաղաքացիները հնարավորություն կստանան պարբերաբար տեղեկանալ հանձնաժողովների գործունեության հետ առնչվող պետական կառավարման համապատասխան մարմինների ՀՀ Ազգային ժողովում, որպես կառավարության ներկայացուցիչ հանդես եկող պետական պաշտոնյաների իրենց ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների ներկայացմանը, ավելի մանրամասն իրազեկ լինել նրանց կողմից ՀՀ կառավարության համապատասխան օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ներկայացվող փաստարկներին և հիմնավորումներին:

 

Հանձնաժողովների նիստերի առցանց հեռարձակումն օգտակար է նաեւ տվյալ հանձնաժողովի անդամ չհանդիսացող մյուս պատգամավորների համար եւս, ովքեր հնարավորություն կստանան ՀՀ ԱԺ չորսօրյա նիստերի գումարումից առաջ օնլայն հետեւել օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներին, որն էլ իր հերթին կօգնի ավելի հեշտ կկողմնորոշվել այս կամ այն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելիս:

 

Խորհրդարանական լսումների առցանց հեռարձակման շնորհիվ հանրությունը կկարողանա ամբողջությամբ հետեւել ծավալվող քննարկումներին եւ ոչ թե դրանց վերաբերյալ պատկերացում կազմել այս կամ այն լրատվամիջոցների համառոտ եւ երբեմն ոչ ամբողջական հաղորդումներից:

Նույն շարքից