Հայաստան 

Արմեն Գևորգյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

analitik.am

 ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 10-ին, ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տարածաշրջանային տնօրեն  Մարի Պիեռ Պուարեի գլխավորած պատվիրակությանը: Կազմակերպության տարածաշրջանային տնօրենը Հայաստանում է՝  ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ներկայացուցիչների տարեկան համաժողովին մասնակցելու, ինչպես նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նոր՝ 2016-2020թթ. ծրագրային փուլի նախապատրաստման համար: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ կառուցողական եւ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել, իրականացվում են ծրագրեր, որոնք կոնկրետ արդյունքներ են տալիս: Ընդամենը շաբաթներ առաջ չորս մարզերում սոցիալական ծրագրերի իրականացման  վերաբերյալ հուշագիր է ստորագրվել, ինչը, փոխվարչապետի գնահատմամբ, այդ համագործակցության արդյունք է:

 

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը կարողացել է ՀՀ կառավարությանը օգտակար լինել այս կամ այն սոցիալական մարտահրավերին գլոբալ լուծում գտնելու  հարցում՝ փորձելով նաեւ ինստիտուցիոնալ հնարավորություններ եւ կարողություններ ձեւավորել՝ կոնկրետ մեխանիզմների ներդրման միջոցով: Առաջիկա տարիներին ՀՀ կառավարությունը բարեփոխումների լուրջ օրակարգ ունի եւ, համոզված եմ, որ այդ օրակարգի մի զգալի մասի իրականացմանը կլինի նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը»,-ընդգծել է փոխվարչապետը:

 

Զրուցակիցները քննարկել են տարածքների համաչափ զարգացման եւ այդ համատեքստում՝ մարզերում հատկապես երեխաների համար նախատեսված  սոցիալական ծառայությունների հասանելիության, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի  ամրապնդման, սոցիալական  աշխատողների ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր:

 

Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել առաջիկա ծրագրերի, մասնավորապես, ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նոր նախագծի մշակման, վարչատարածքային բարեփոխումների ընթացքի, տարածքային զարգացման նոր հիմնադրամի ձեւավորման ծրագրերի մասին, որոնց առանցքում լինելու է տարածքների զարգացումը:

Անդրադառնալով սոցիալական ծառայությունների զարգացմանն ու մարզերում դրանց հասանելիության ապահովմանը` փոխվարչապետը դրական է համարել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը՝ միաժամանակ կարեւորելով դրա ամրապնդումը: Նա առաջարկել է մինչ օրս կատարված աշխատանքների գնահատում իրականացնել, ինչը կառավարությանը հնարավորություն կտա գործընթացում արձանագրված թերությունները շտկել եւ առաջ գնալ: Փոխվարչապետը կարեւորել է նաեւ մասնագետ սոցիալական աշխատողների ինստիտուտի ձեւավորումը:

 

Մարի Պիեռ Պուարեն ներկայացված ծրագրերն ու առաջարկները կարեւոր է համարել՝ ընդգծելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել: Նշվել է, որ  ներկայացված առաջարկները հաշվի կառնվեն հայաստանյան գրասենյակի  առաջիկա հնգամյա  ծրագիրը մշակելիս:

Նույն շարքից