Հասարակություն գլխավոր 

Եռաբլուրում շիրմաքարերը պղծելու համար բերման ենթարկված կինն ազատ է արձակվել

Բերման է ենթարկվել, բացատրություն տվել և ստորագրությամբ ազատ արձակվել: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից՝ պատասխանելով հարցին, թե որտեղ է գտնվում կինը, ով բերման էր ենթարկվել Եռաբլուրում քառօրյայի տղաների շիրմաքարերը պղծելու համար:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր.

Օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երեևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։

Արդյունքում՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։

Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։

Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նույն շարքից