Հասարակություն գլխավոր 

Մամուլի հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությունն անպատասխանատվություն է. Աղասի Ենոքյան

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը՝ ԶԼՄ-ների հետ կապված, բավականին կոպիտ էր։ Իրենք, լինելով մամուլի աշխարհի ներկայացուցիչ, շատ լավ հասկանում են, թե ինչպես է այս բիզնեսը Հայաստանում զարգանում: Այն, որ շատ դեպքերում ԶԼՄ-ները կարիք են ունենում հովանավորման, դա գաղտնիք չէ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ նշելով, որ մամուլի հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությունն անպատասխանատվություն է։

«Մենք տեսնում ենք, որ ներկա իշխանությունը ձգտում է մոնոպոլիզացնել իշխանության ամբողջ դաշտը՝ ամբոխավարական մեթոդներով գրավելով գործադիր և օրենսդիր մարմինները։ Մենք տեսանք, որ նրանք անցել են լուրջ հարձակման դատական համակարգի վրա, և իհարկե, հաջորդ թիրախը լինելու է մամուլը։ Մենք տեսնում ենք մամուլի շուրջ բավականին շատ զարգացումներ, որը ես գնահատում եմ որպես սպառնալիք։

Մենք տեսնում ենք մամուլի շուրջ մեծ թվով դատական հայցեր, որը նույնպես, իմ գնահատմամբ, ճնշման մեթոդ է մամուլի նկատմամբ։ Տեսնում ենք նաև անընդհատ մամուլի ֆինանսավորման մասին բարձրացվող հարցեր, որը մի քիչ պարկեշտ չի, որովհետև բոլորս հասկանում ենք, թե ինչպես է աշխատում մամուլը։ Եվ եթե մի խումբը փորձում է բարձրացնել այդ հարցը, ուրեմն պետք է հարց դրվի նաև, թե իրենց մամուլն ինչպես է աշխատում»։

Ենոքյանի կարծիքով, կոռեկտ չէ, որ վարչապետն է այդ մասին խոսում, որովհետև ինքը չպետք է դրա գնահատականը տա․ «Դրա գնահատականը պետք է տան ընթերցողներն ու լրագրողները։ Վարչապետն ու կառավարությունն ըստ սահմանադրության աշխատավարձ են ստանում նրա համար, որպեսզի ապահովեն խոսքի ազատություն։ Այսինքն, դա իրենց պարտականությունն է, այլ ոչ թե որ մեզ բոնուս են տվել»։

Քաղաքագետի խոսքերով շատ դժվար է հիմա գնահատել մամուլի ազատությունը․ «Նախկինում ևս եղել են ճնշումներ, սակայն այլ բնույթի։ Սակայն դա շատ լուրջ աշխատանք է, որպեսզի գնահատվի, թե այն ժամանակ էին ճնշումները շա՞տ կամ այն ժամանակվա ճնշումների մեխանիզմներն էին էֆեկտի՞վ, թե՞ այժմյան»։

 

Նույն շարքից