Արդեն 4 տարի է Ալվարդ Դավոյանը Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում մշակում է հայ հանրությանը քիչ ծանոթ կոլրաբի մշակաբույսը:
Սերմերը նվեր է ստացել Իտալիայից և ցանել, արդյունքում կարողացել է աճեցնել հիանալի կոլրաբիներ, այժմ մշակում է շուրջ 300 քառ-մ:
Analitik.am-ի հետ զրույցում Ալվարդ Դավոյանը նշեց, որ դեռևս այս մշակաբույսի համար մեծ պահանջարակ չկա, թեև նախկինում լսել է, որ կոլտնետսության դաշտերում մշակել են, սակայն խորհրդային կարգերի փլուզումից հետո կոլրաբին Հայաստանում նորություն է:
«Ես սիրում եմ ոչ ավանդական մշակաբույսեր մշակել, դրա համար փորձեցի կոլրաբի ևս մշակել, ու ստացվեց»,- ասաց նա, հավելելով՝ թեև բույսն այնքան էլ անծանոթ չէ հանրությանը ու վաճառքը այդքան էլ լավ չէ:

«Ես կոլրաբին իրացնում եմ մարզում, գնում են հիմնականում անհատներ, ովքեր տեղյակ են մշակաբույսից»,- նշեց նա:
Նա նաև ասաց, որ տանը գրեթե ամեն օր օգտագործում են, հարազատները ևս, երբ հնարավոր է լինում: Իսկ թե ինչպես են պատրաստում, Ալվարդ Դավոյանն ասաց, որ շատ համեղ է կոլրաբին կտրատել, վրան աղ ցանել և ուտել, նաև աղցանների մեջ են օգտագործում, անգամ ձիթայուղով են տապակում, ինչպես կարտաֆիլ ենք տապակում. շատ համեղ է ստացվում:
Հարցին, թե տեղյա՞կ է, միայն ի՞նքն է կոլրաբի մշակում, թե Հայաստանի այլ վայրերում ևս կան, ասաց, որ Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն համայնքում ևս մշակում են:
Նշենք, որ բացի կոլրաբիից, Ալվարդ Դավոյանը մշակում է ռուկկոլա, արտիշոկ, ֆիզալիս, պրասսա սոխ, ծնեբեկ, կիվանո, գանգուր կաղամբ, բրյուսելյան կաղամբ, չիլի պղպեղ և այլն: Իսկ կոլրաբին հայրենի իրացման կետերում հաճախ վաճառում են ծովակաղամբի անվան տակ:

Նշենք, որ կոլրաբին կամ ցողունակաղամբը պարունակում է ավելի շատ վիտամին C քան սննդատեսակների 89 տոկոսը: Այս մշակաբույսը հարուստ է բջջանյութով (Fiber), կալիումով, պղինձով և այլն: Կոլրաբիի հայրենիքը Միջերկրական ծովի արևելյան ափերը և Միջին Ասիան Է: Այն մշակվել է հին հռոմեիցաների կողմից և վաղուց որպես հրաշալի բանջարեղենային կուլտուրա օգտագործվում է Եվրոպայում: Հայաստանում նրա մշակությունը նոր է սկսում զարգանալ:
Կաղամբի այս տեսակը իր օգտակար հատկություններով այլ բանջարեղենների մեջ հավասարը չունի: Հարուստ է պրոտեինով: Անփոխարինելի ամինաթթուներ լիզինը, իզոլեյցինը և տրիպտոփանը նրա մեջ այնքան են, ինչքան հավի ձվի սպիկակուցի մեջ:
Կոլրաբիի սպիտակուցը արժեքավորվում է մետիոնինի և խոլինի առկայությամբ, որոնք կանխում են խոլեստերինի առաջացումը: Կարոտինի քանակությունը 50, երկաթինը` 2 անգամ ավելի է, քան ծաղկակաղամբում:
Պարունակում է նաև ասկորբինաթթու, վիտամիններ B1, B2, B6, PP, ֆոլիաթթու, գլյուկոզա, ֆրուկտոզա, քլորոֆիլ, մագնիումի, կալիումի, նատրիումի աղեր:
Դիետիկ մթերք է օնկոհիվանդությունների, սիրտ-անոթային, ներվային խանգարումների, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, նյութափոխանակման խանգարման դեպքերի բուժման եւ կանխման համար: Այն ունի ոչ միայն հակաուռուցքային, այլև արյունաստեղծ, հակասկլերոտիկ, հանգստացնող և լեղամուղ հատկություններ, մարդու օրգանիզմից հանում է ծանր մետաղների աղերը:
Գոհար Ստեփանյան