Օրենքով գող Ռոման Սիչեվին, ով հայտնի է Սիչ անունով, Կազան են տեղափոխել որպեսզի պատիժը կրի N 2 ուղղիչ գաղութում: Այնտեղ 42 ամյա կալանավորին քրեական հանրությունից հատուկ հանձնարարություն է սպասում. միավորել Թաթարստանի այն բոլոր ուղղիչ գաղութները, որոնք գտնվում են ներգաղթյալ քրեական հեղինակությունների ազդեցության ոլորտում: Այս մասին հայտնում է «Бизнес Online»-ը՝ հղելով իրադրությանը քաջատեղյակ աղբյուրներին:
«Սիչին ուղարկել են, որպեսզի Թաթարստանի բոլոր գաղութները հպատակեցնի իրեն, հիմա նա ամեն ինչ պիտի իրեն հարմարեցնի: Ոչ այնքան հայտնի փողոցային գող է: Մինչդեռ Շիշկանը /Օլեգ Շիշկանով/ կամ Կոստիլը /Կոնստանտին Բարիսով/ ունևոր, հարուստ գողեր են: Հիմա Սիչը պիտի ճանապարհ հարթի դեպի փողերը, հետո նոր «զոն նայողի» դերը ստանձնի»,- ասել է պարբերականի զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Սիչևի հայտնվելը Կազանում նշանակալի իրադարձություն է ոչ միայն պատժաչափը կրողների, այլև հանրապետության ողջ հանցագործ աշխարհի համար: Բանն այն է, որ այդ տարածաշրջանի բոլոր գաղութները գտնվում են Թուրքիայի, Հունաստանի և այլ երկրների օրենքով գողերի հեռակա ազդեցության ոլորտում: Իսկ հիմա Սիչը պետք է ձգտի փոխել ուժերի բալանսը, ինչն այնքան էլ հեշտ չէ:
Եվս մեկ խնդիր է այն, որ Սիչևի ժամանումը ձեռնտու չէ տեղական «նայողներին», որոնց աջակցում է քաղաքի որոշակի հատվածը: Իսկ այսուհետ ստիպված կլինեն հաշվի նստել Սիչի հետ:
2017-ի դեկտեմբերին դատարանը Ռոման Սիչևին անօրինական զենք և թմրանյութեր պահելու համար մեղավոր է ճանաչել և հեռակա 3,5 տարվա ազատազրկման դատապարտել: Նրան բռնել հաջողվել է միայն 2018-ի օգոստոսին: Քրեական այս հեղինակության մոտ ձերբակալության պահին հայտնաբերվել է հերոին և ուրիշի անունով անձնագիր: