Օգոստոսի երկուսից ԱՄՆ-ը պաշտոնապես դադարեցնում է մասնակցությունը Միջին և փոքր հեռավորության հրթիռների չեզոքացման պայմանագրին (ՄՓՀՀՉՊ): Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«2019-ի փետրվարի 2-ին ԱՄՆ-ն Ռուսաստանին 6 ամիս ժամանակ տվեց, որպեսզի վերջինս վերադառնա ՄՓՀՀՉ պայմանագրի դրույթների պահպանմանը: Ռուսաստանը մերժեց և, ըստ այդմ, պայմանագիրը այսօրվանից ուժը կորցնում է: ԱՄՆ-ն չի կարող լինել մի պայմանագրի կողմ, երբ մյուսները խախտում են այն: Բացառապես Ռուսաստանն է պատասխանատվություն կրում դրա համար»,- գրել է Պոմպեոն թվիթերյան իր էջում:
2018-ի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Միջին և փոքր հեռավորության հրթիռների չեզոքացման պայմանագրից դուրս գալու մտադրության մասին՝ Ռուսաստանի կողմից պայմանագրի դրույթները խախտելու պատճառաբանությամբ: 2018-ի դեկտեմբերին Պոմպեոն Ռուսաստանից պահանջեց 60 օրվա ընթացքում ոչնչացնել կամ մոդիֆիկացնել 9М729 հրթիռը, որն իր չափսերով խախտում է պայմանագիրը: Արդյունքում ամերիկյան կողմը պնդում էր հրթիռի ոչնչացման տարբերակը:
Ռուսաստանը մերժեց ամերիկյան մեղադրանքները՝ ԱՄՆ-ին հակընդդեմ մեղադրանքներ ներկայացնելով:
Փետրվարի 1-ին Վաշինգտոնում հայտարարեցին ամերիկյան կողմի՝ ՄՓՀՀՉ պայմանագիրը դադարեցնելու մասին: Այդ ժամանակ ԱՄՆ-ի վարչակազմը հայտնեց, որ օգոստոսի 2-ին կլքի պայմանագիրը, եթե Ռուսաստանը չվերադառնա դրա պահպանմանը:
Հուլիսի 3-ին Ռուսաստանը Վաշինգտոնին համարժեք պատասխան տվեց. Պուտինը Ռուսաստանի կողմից հրթիռային պայմանագիրը դադարեցնելու հրամանագիր ստորագրեց: ՌԴ նախագահը նաև հայտարարեց, որ Ռուսաստանը նոր տեսակի հրթիռներ ստեղծելու նախագիծ է սկսում:
ՄՓՀՀՉ պայմանագիրը ուժի մեջ է մտել 1988թ. հունիսի 1-ից: Այն վերջ է տվել Եվրոպայում հրթիռային ճգնաժամին, որն առաջացել էր Եվրոպայում խորհրդային և ամերիկյան հրթիռների տեղակայման արդյունքում: Այդ փաստաթղթով նախատեսվում է հրթիռների մի ամբողջ դասի չեզոքացում: Պայմանագիրը կողմերին արգելում է վերգետնյա միջին և փոքր հեռավորության բալիստիկ և թևավոր հրթիռներ արտադրել, փորձարկել և պահեստավորել: