Հայաստան 

ԱԺ նախագահը Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը կայացած կառույց է համարում

analitik.am

Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը երկրի պետական համակարգի երիտասարդ, սակայն կայացած կառույցներից մեկն է: Այս մասին «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Փաստացի հարկադիր կատարման ծառայությունն իր էությամբ ոչ միայն արդարադության իրականացմանն օժանդակող, այլ դրա կատարումն ապահովող, արդարադատության իրականացումը երաշխավորող կառույց է, որի արդյունավետ աշխատանքով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության դատական համակարգի բնականոն կենսագործումը և քաղաքացիներին, իրավաբանական անձանց արդարադատության մատուցումը»,-  ասաց Սահակյանը:


ԱԺ նախագահի խոսքով՝ առանց ծառայության արդյունավետ գործունեություն հնարավոր չէ ապահովել ոչ դատական պաշտպանության իրավունքի, ոչ արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը, որոնց կարևոր բաղադրատարր է դատական ակտերի ժամանակին և ճշգրիտ կատարումը: Իսկ նշված սահմանադրական իրավունքներն իրավական պետության հենասյուն են: «Անհրաժեշտ է նշել, որ ծառայությունն իր ստեղծման տարիներից և հատկապես վերջին շրջանում պատվով է կատարել իր առջև դրված խնդիրները՝ բացառելով Հայաստանի Հանրապետության տարածքում կայացված և օրինական ուժի մեջ մտած որևէ դատական ակտի չկատարումը»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:


Այս առումով ԱԺ նախագահն ընդգծում է  ծառայության գործունեությունը կարգավորող իրավական ակտերում կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնք, ուղղված լինելով ծառայության արդյունավետ գործունեության ապահովմանը և հաշվի առնելով տարիների ընթացքում արդեն իսկ կուտակված պրակտիկ փորձը, ապահովեցին ոլորտը կարգավորող առավել կատարյալ օրենսդրական դաշտը: Այս օրենսդրական փոփոխություններին հաջորդող կարևոր քայլ էր իրավակիրառ պրակտիկայում մեկ միասնական կատարողական ընթացակարգի ձևավորումը և ապահովումը:


Այս տարվանից ծառայությունը ստանձնել է  նոր առաքելություն, այն է՝ անբողոքարկելի դարձած վարչական ակտի կատարումը: Նշված օրենսդրական փոփոխությունը, որն ուղղված էր դատարանների գերծանրաբեռնվածության նվազեցմանը, ևս մեկ կարևոր քայլ էր Հայաստանում արդյունավետ գործող դատական համակարգի կազմավորման համար: 

Նույն շարքից