Հայաստան 

Վաշինգտոնում կայացել է հայկական պատմական հուշարձանների թվայնացման ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում

analitik.am

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հովանու ներքո «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը «ՍայԱրք» միջազգային մշակութային ժառանգության թվայնացման պահպանման ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ հոկտեմբերի 8-ին անցկացրել է միջոցառում, որը նվիրված է եղել «CyArk’s 500 Challenge» նախաձեռնության մեկնարկին: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ով համոզմունք է հայտնել, որ երիտասարդության կրթության գործում նոր տեխնոլոգիաների ներդնումը մեր երկրի ապագայի հրամայականներից է:


Նախաձեռնության մեկնարկին նվիրված միջոցառմանը հավաքված հյուրերի առջև ելույթով են հանդես եկել «Թումո» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, ինչպես նաև «Թումո»-ի և «ՍայԱրք»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Քեթրին Սարաֆյանը:


Նախաձեռնությունը հետապնդելու է երկու հիմնական նպատակ: Նախ՝ «ՍայԱրկ»-ի մասնագետները «Թումո» կենտրոնի ուսանողներին սովորեցնելու են ճարտարապետական կոթողների թվայնացման լազերային նոր տեխնոլոգիաներ: Այնուհետև՝ այդ երկու կառույցները համատեղ իրականացնելու են հայկական պատմական 500 հուշարձանի թվային փաստաթղթավորումը: Արդյունքում ստեղծվելու են այդ կոթողների 3D մոդելներները, որոնք պահվելու են համացանցում՝ ինտերակտիվ կերպով առցանց գործող համապատասխան կայքում:


«CyArk’s 500 Challenge»-ը միջազգային նախաձեռնություն է, սակայն այն առաջինն իրականացվելու է Հայաստանում:

Նույն շարքից