Հայաստան 

ԵՏՄ անդամակցությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար ու ժամանակն է ուժերը կենտրոնացնել. Արա Աբրահամյան

analitik.am

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կարևոր իրադարձություն է համարում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, քանի որ ըստ նրա՝ դրանով նախ մի շարք խնդիրներ են լուծվում ՝ անվտանգության հարցը, որն ամենակարևորն է, ու հետո նաև տնտեսական մեծ հնարավորություններ են բացվում ՀՀ-ի առաջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արա Աբրահամյանը նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ ընդգծելով, թե ԵՏՄ անդամ երկրներին ՀՀ Նախագահը կարողացավ բացատրել, որ Արցախը լինելով չճանաչված, չի կարող խանգարել ՀՀ-ի անդամակցությանը:

«Կարողացանք իմաստնություն գտնել, շնորհակալություն մեր Նախագահին, որ կարողացավ բացատրել և բոլորը եկան համաձայնության, որ ԼՂ խնդիրը չի կարող խանգարել անդամակցությանը և այդպես էլ եղավ: Ղարաբաղի հարցով, եթե մենք ասում ենք Ղարաբաղը չճանաչված պետություն է, այդ ժամանակ ինչի՞ մասին է խոսքը: Բայց ինչքանով ես գիտեմ Նախագահը հատուկ պայմանավորվածություն ունի, ես վստահ եմ, որ ՀՀ նախագահը չէր կարող այնպիսի քայլ անել, որ Ղարաբաղին մի փոքր անգամ վնասեր այս անդամակցությամբ, ընդհակառակը՝ Ղարաբաղի տնտեսությունն էլ կզարգանա, քանի որ Ղարաբաղի ապրանքները կարտահանվեն ԵՏՄ և այստեղ չեմ տեսնում, որ խնդիրներ առաջանան»,- նշեց նա:

Արա Աբրահամյանը նշեց, թե աշխատելու շատ տեղ կա, և ուստի ժամանակն է ուժերը կենտրոնացնել և օգուտներ քաղել, ոչ միայն ԵՏՄ-ին դեմ հանդիսացողների ջանքերով, այլ նաև՝ սփյուռքի մեր հայրենակիցների: «Այն բիզնեսմենները, որոնք աշխատում են գյուղոլորտում և իրենց արտադրանքն իրացնում են Ռուսաստանում, չէի ասի, որ դա մեծ քանակ է, բայց Կառավարությունը պետք է զբաղվի այդ խնդրով, քանի որ պահանջն ավելի շատ է, քան իրացվում է»,- ասաց նա:

Ըստ ՌԴ հայերի միության նախագահի՝ այս անդամակցությունը կապիտալի ազատ տեղաշարժ կապահովի, որին էլ կգումարվի հայերի աշխատասիրությունը, հայկական մեծ սփյուռքը, որոնք ներդրումներ անելով երկրում՝ հնարավորություն կստանան արտադրանքը մեծ շուկա դուրս հանել:

«Ես տեսնում եմ բավական մեծ ապագա, և շատ բաներ էլ մեզանից է կախված, եթե անընդհատ քննադատենք, դա արդյունք չի տա: Կան կողմնակիցներ, որ ասում են Եվրոպա պետք է գնանք, քանի որ այնտեղ դեմոկրատիա է, թե մենք կորցնում ենք մեր հավասարությունը, մեր անկախությունը, թե բարձրացվում են այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք ներմուծվում են ԵՄ-ից... տարբեր են խնդիրներ, պետք է քննարկել դրանք»,- ասաց նա և տեղեկացրեց, թե հոկտեմբերի 16-ին հենց այդ նպատակով քննարկում կանցկացնեն, և իրար կողքի կդնեն բոլոր դեմերն ու կողմերը, և կորոշեն քաղել բոլոր հնարավոր օգուտները, ուստի քննարկմանը նա հրավիրեց ԵՏՄ դեմ և կողմ բոլոր քաղաքական գործիչներին:

«Քննարկենք ու ընտրենք ամենաարդյունավետը, դա մեզ համար կարևոր է, բոլորդ գիտեք ՌԴ-ի դեմիրականացվող սանկցիաները և այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է ավելի ճկուն լինի և աշխատի բոլորի հետ, և որ ասում են ԵՄ կամ ԵՏՄ, չի նշանակում «կամ,կամ», իհարկե ասում են ընտրություն պետք է անել, կան ճանապարհներ մենք կարող ենք հանգիստ աշխատել»,- նշեց նա:

Ըստ Արա Աբրահամյանի՝ բոլոր նրանք, ովքեր ասում են , թե այս անդամակցությունը սպառնալիք է ՀՀ-ի անկախությանը, նա հարց է տալիս՝ «Իսկ ԵՄ-ի ճանապարհը անկախությա՞ն է տանում»: Արա Աբրահամյանն ընդգծեց, թե ԵՄ անդամ երկրներից բոլորն էլ իրենց անկախության մի մասը զիջել են, երբ անդամակցել են այդ միությանը: «Մենք ընդամենը մի քանի տնտեսական հարցում ենք սահմանափակվում, այնտեղ անկախությանը սպառնացող վտանգ չկա»,- նշեց նա և հավելեց, թե այնպես, ինչպես Նախագահը կարողացավ Նազարբաևին ու Լուկաշենկոյին բացատրել ԼՂ խնդրով հարցը, այնպես էլ պետք է ԵՄ-ին բացատրել մեր համագործակցության անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերվում է Վրաստանի՝ ԵՄ ու Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության առումով հնարավոր խնդիրներին, ապա Արա Աբրահամյանը նշեց, որ դժվարությամբ է պատկերացնում, որ բարեկամ Վրաստանը կարող է թույլ չտալ Հայաստանից ապրանքների տեղափոխումը Ռուսաստան:

«Ընդհանրապես խնդիր չեմ տեսնում, Վրաստանը մեր հարևան երկիրն է, բարեկամ երկիրը: Ամեն երկիր իր ընտրությունն է անում, մենք մոնիթորինգ ենք անցկացրել, բոլոր խնդիրները հաշվի են առնվել, մենք գնում ենք այնտեղ, որտեղ ավելի արդյունավետ է եթե մենք տեսնենք, որ վաղը, մյուս օրը ԵՄ-ն ավելի լավ պայմաններ է առաջարկում, մենք կգնանք ԵՄ»,- նշեց նա:

Նույն շարքից