Դեմոկրատական կուսակցության երկրորդ բանավեճի երկու օրերն էլ աչքի ընկան մի քանի կարևոր դրվագներով։
Բանավեճի ընթացքում ականատես եղանք Դեմոկրատական կուսակցության ներսում առկա տեսակետների և նախընտրական ծրագրերի բազմազանությանը։ Թերևս բանավեճի առանցքային թեման և կռվախնձորը Համընդհանուր առողջապահական ապահովագրության խնդիրն էր, որին նվիրված էր ամբողջ բանավեճի զգալի մասը։ Այս հարցում իրենց տեսակետով արմատապես տարբերվում էին երկու բարձր վարկանիշ ունեցող թեկնածուներ Էլիզաբեթ Ուորենը և Բերնի Սանդերսը, որոնք կտրականապես դեմ են առողջապահության մասնավոր ապահովագրությանը։ Առաջին բանավեճի առավել ակտիվ և աչքի ընկնող թեկնածուները հենց վերջիններս էին։
Բանավեճի երկրորդ օրը շատ ավելի թեժ էր։ Ի տարբերություն առաջին բանավեճի ընթացքում Ջո Բայդենի առավել հանդարտ կեցվածքի, այս անգամ վերջիnս առավել պատրաստաված էր բանավեճին և ակտիվորեն հակադարձում էր իրեն ուղղված քննադատություններին։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ Քամալա Հարիսի գլխավոր թիրախը Ջո Բայդենն էր։ Բայց այս անգամ Բայդենը կարողացավ ճիշտ հակադարձել Հարիսին։ Վերջինիս ուղղված քննադատությանը միացավ նաև Թուլսի Գեբրդը։ Նա բանավեճի ամենալուրջ քննադատական հարձակումն իրականացրեց Քամալա Հարիսի նկատմամբ։ Գլխավոր մեղադրանքը կայանում էր նրանում, որ Քամալա Հարիսը խոչընդոտել էր մահվան դատարտված անմեղ մարդու կյանքը փրկելու համար կարևոր փաստարկների բացահայտմանը, և նա դա չարեց, մինչև դատարանը չստիպեց նրան։
Բանավեճի ընթացքում մեջբերվեց մի հետաքրքիր վիճակագրական տվյալ, ըստ որի՝ Օբամայի նախագահության առաջին երկու տարիների ընթացքում ավելի շատ ներագաղթյալներ են արտաքսվել երկրից, քան Թրամփի նախագահության առաջին երկու տարիներին։ Բայդենը հաստատեց, որ իր նախագահության շրջանում միանշանակ նման բան չի լինի։

Ինչքան էլ դեմոկրատ թեկնածուները քննադատեն միմյանց, միևնույնն է ինչպես նշեց թեկնածուներից Էմի Քլոբուշարը․ «…ի վերջո գլխավոր նպատակը Դոնալդ Թրամփին պարտության մատնելն է»։ Եվ իրապես ողջ բանավեճի ընթացքում թեկնածուները ակտիվ քննադատում էին Թրամփին և վստահեցնում, որ հենց իրենք կարող են նրան հաղթել։ Թեկնածուներից մեկը (ծագումով ասիացի Էնդրյու Յանգը) անգամ նշեց, որ Թրամփի հակապատկերը «մաթեմատիկա սիրող ասիացի տղամարդն է»՝ ակնարկելով հենց իրեն։
Երկրորդ բանավեճից հետո թեկնածուների վարկանշային արդյունքներում որոշակի, թեև չնչին փոփոխություն նկատվեց։ Առաջատարը շարունակում է մնալ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, իսկ նրա գլխավոր մրցակիցներն են Բերնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը և Քամալա Հարիսը։ Ըստ որոշ հարցումների՝ երկրորդ բանավեճից հետո իր վարկանիշը մեկ տոկոսով բարելավեց նաև Թուլսի Գեբրդը, ով միակ թեկնածուն է, որն այցելել է Արցախի Հանրապետություն։