Տեսանյութեր Հասարակություն 

Ի՞նչ մարդու ֆուտլյավոր կենդանի պետք է լինի, որ գնա պղծի Եռաբլուրի շիրմաքարերը․ Գևորգ Պետրոսյան

Ես դա կանվանեմ ոճրագործություն, որովհետև անձամբ իմ համար բոլոր ազատամարտիկները համարվում են սրբություն և նրանց հիշատակը պղծելը դա ոճրագործություն է։ Ոճրագործությունը միայն այն չէ, որ մարդ գնդակահարեն կամ արյուն թափվի։ Մի քիչ թերահավատ եմ այն տեղեկատվության նկատմամբ, որը սփռվել է, թե իբր մի կին իր պատկերացմամբ այդպիսի բան է արել։ Ես վախենում եմ, որ այստեղ լինեն խորքային պատճառներ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու մասին հայտարարել է ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից մենք պարտավոր ենք խոնրահվել և հարգել մեր զոհերի հիշատակը․ «Ես և իմ ընտանիքը պարտք ենք բոլոր ազատամարտիկների ընտանիքներին։ Համենայնդեպս խնդիրը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում և ես լիահույս եմ, որ մեր հարգարժան իրավապահներն ամեն ինչ կանեն օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար»։

Հարցին, թե արդյո՞ք սադրանք տեսնում է կատարվածի մեջ, Պետրոսյանը նշեց, որ այդպիսի հոտ գալիս է, որ սա ինչ-որ նախապատրաստած բան է հասրաակության մեջ իրարանցում հարուցելու համար․ «Դրա համար ես խնդրում եմ, որպես քաղաքացի, որպես մարդ մեր իրավապահ մարմինների ղեկավարներին, որպեսզի անեն ամեն ինչ ճշմարտությունը բացահայտելու համար։ Երբ կլինի օբյեկտիվ ճշմարտության բացահայտում, այդ ժամանակ մենք կարող ենք տալ քաղաքական գնահատականներ, թե սա որտեղից էր գալիս և ուր էր գնում»։

Այնուամենայնիվ Պետրոսյանն ասել է, որ սա սրբապղծության գագաթնակետն է․ «Ուրիշ անելու բան չկա՞։ Սա ինչ արժեհամակարգի, ի՞նչ մարդու ֆուտլյավոր կենդանի պետք է լինի, որ գնա պղծի հուշաքարերը։ Տա Աստված, որ դա արած լինի թուրքը, որովհետև եթե թուրքն անի մենք կարող ենք պատճառաբանություն գտնել, բայց եթե հայն արած լինի ոչ մի պատճառաբանություն չի կարող դիմանալ ճշմարտության քննությանը»,-ասել է պատգամավորը։

Նույն շարքից