Հայաստանի քաղաքական ուժերի գործելաոճը երբեմն ուղղակի զարմացնում է: Ինչպե՞ս կարելի է վերաբերվել այն փաստին, որ իշխանափոխության ձգտող քառյակը՝ խորհրդարանական 3 կուսակցություններ, բաց է թողնում Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Խորհրդարանական շաբաթ հաղորդաշարի, որն այսօր ժամը 14:30 հերթական անգամ հեռարձակվեց, շրջանակներում իրեն հատկացված եթերաժամանակը: Խորհրդարանական յուրաքանչյուր կուսակցություն 3 րոպե ելույթով հանդես գալու իրավունք ունի վերոնշյալ հաղորդաշարի շրջանակներում: Ստացվում է, որ եռյակն ուղղակի հրաժարվել է իրեն հասանելի 9 րոպեներից, որոնց ընթացքում նա կարող էր հասարակության լայն շրջանակներին բավականաչափ մանրամասն տեղեկացնել իր ծրագրերի մասին: Դժվար թե ԱԺ-ում արգելած լինեին եռյակին խոսել այս հաղորդաշարի շրջանակներում, քանզի վերջին շրջանում բավականին կանոնակարգված մոտեցում է ցուցաբերվում ԱԺ-լրատվություն կապերի հարցում:
Բացարձակ եռյակին քննադատելու նպատակ չունենալով, ուղղակի փորձում եմ հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ նրանք հրաժարվել են եթերային 9 րոպեներից Հանրային հեռուստաընկերությամբ՝ առավել ևս, որ ՀՀ բազմաթիվ գյուղերում և քաղաքներում հենց Հանրայինն են ավելի շատ դիտում:
Ի՞նչն է պատճառը, որ եռյակը չի օգտագործում բոլոր հնարավոր միջոցներն ու ձևերը իր նպատակների մասին հնարավորինս ավելի շատ և մանրամասն խոսելու համար:
Ուղղակի չեմ ցանկանում, որ արդեն իսկ իշխանությունից խորը հիասթափված հայ հասարակությունը ևս մեկ անգամ էլ հիասթափվի ընդդիմությունից, քանզի սա արդեն լրջորեն կվտանգի հասարակություն-հայրենիք կապը՝ սկիզբ դնելով արտագաղթի նոր ալիքին՝ վերջին հաշվով հասարակության մեծամասնությունն իշխանությունից և ընդդիմությունից հիասթափվելուց հետո լքում է հենց հայրենիքը:
Ն. Ավետիսյան