ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, մամուլի ասուլիսում անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցում Ղազախստանի Նախագահ Նազարբաևի՝ փոխզիջումների վերաբերյալ հայտարարությանը, ասաց, որ բանավոր հայտարարությունները վերջնական փաստաթղթում չեն արձանագրվել:
«Ի գիտություն են ընդունվել նրա բանավոր հայտարարությունները: Նազարբաևը, իր նախկին հայտարարությունները հիմք ընդունելով, չէր կարող նման մի հայտարարություն էլ չանել»-ասաց Գագիկ Մելիքյանը:
Մասնավորապես Հայաստանի և ԼՂՀ-ի միջև հնարավոր մաքսակետ տեղադրելու վերաբերյալ ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշեց. «ԼՂՀ ինքնիշխան, ազատ, անկախ պետություն է, որն ընդամենը միջազգային հանրության կողմից չի ճանաչվել, և կարծում եմ՝ առաջիկայում այդ հարց կլուծվի»:
«ԼՂՀ-ն և Հայաստանը մեկ տնտեսական միավոր են և չեն կարող առանձին լինել»,-հավելեց Գագիկ Մելիքյանը և նշեց, որ բանավոր հայտարարությունը պետք է ընդունենք որպես բանավոր հայտարարություն, իսկ բանավոր համաձայնություններով երբեք մաքսակետ չի դրվի, և բանավոր հայտարարություն չի կարող դառնալ գրավոր։
Ըստ նրա՝ Հայաստանի և Արցախի միջև միայն մի դեպքում կարող է մաքսակետ դրվել, եթե Արցախը որոշի անդամակցել Եվրամիությանը: