Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ Մարիոս Գարոյանի և Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջխորհրդարանական միությունում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ավերոֆ Նեոֆիտուի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմը։
ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանին և Կիպրոսին միավորում են պատմական հարուստ ժառանգությունը, հոգևոր արժեքները, ինչպես նաև Հայաստանի և Կիպրոսի ժողովուրդների միջև հաստատված փոխըմբռնումն ու վստահությունը:
Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Մարիոս Գարոյանի անձնական ներդրումը հայ-կիպրական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման հարցում, հատկապես Կիպրոսի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակաշրջանում:
ԱԺ փոխնախագահը մեծապես կարևորել է տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը: Նա նկատել է, որ Կիպրոսը ԵՄ անդամ այն երկրներից է, որի հետ Հայաստանն ունի ձևավորված սերտ և բարեկամական հարաբերություններ՝ հանգամանք, որը հնարավորություն է տալիս Հայաստանին ապավինել Կիպրոսի աջակցությանը մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի և կիպրական հիմնախնդիրներին՝ նկատելով, որ հիմնահարցերի շուրջ Հայաստանի և Կիպրոսի դիրքորոշումները միմյանց չեն հակասում: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Կիպրոսի մի մասի օկուպացումն ու Հայաստանի շրջափակումը:
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման անհրաժեշտության մասին՝ Էդուարդ Շարմազանովը երախտագիտությամբ նշել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա Մարիոս Գարոյանին հրավիրել է մասնակցելու Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին:
ԱԺ փոխնախագահը Մարիոս Գարոյանին և Ավերոֆ Նեոֆիտուին առաջարկել է Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես անցկացնել. կիպրական կողմը տվել է իր համաձայնությունը: