Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն անհանգստություն է հայտնել Սիբիրում և հեռավոր Արևելքում տեղի ունեցած հրդեհների կապակցությամբ և Ռուսաստանին առաջարկել է օգնություն՝ հրդեհների մարման աշխատանքներում: Այս մասին վերջինս գրել է Twitter-ի իր էջում։
«Սիբիրում հրդեհների հետ կապված ողբերգական իրավիճակի կապակցությամբ առաջարկեցի Ռուսաստանի Դաշնությանը մեր Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի օգնությունը՝ «Canadair» տեսակի երկու ինքնաթիռերի տեսքով: Հուսով ենք, որ իրավիճակը շուտով կբարելավվի»,-գրել է Կոնտեն:
Դեռ հայտնի չէ, արդյոք ռուսական կողմն արձագանքել է Կոնտեի առաջարկին:
Ավելի վաղ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Կրասնոյարսկի գիտական կենտրոնը հայտարարել էր, որ Սիբիրի անտառները հրդեհներից հետո կվերականգնվեն միայն 60 տարի անց: Ըստ գիտնականների, հրդեհների առաջացումը հիմնականում պայմանավորված է մարդկային գործոնով:
Ներկայումս Ռուսաստանում անտառային հրդեհների տարածքը կազմում է 3 միլիոն հա: Հինգ շրջաններն ունեն արտակարգ իրավիճակների ռեժիմ:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ օգոստոսի 2-ի առավոտյան, ծուխ է նկատվել Բուրյաթիայի, Յակուտիայի, Իրկուտսկի շրջանի և Կրասնոյարսկի 618 բնակավայրերում: Որոշ շրջաններում հրդեհը մարելու համար օգտագործվել է արհեստականորեն առաջացրած անձրևները:
Քննչական կոմիտեին և Գլխավոր դատախազությանը հանձնարարվել է պարզել հրդեհների պատճառը: