Քաղաքական Միջազգային Հասարակություն 

ԵՄ-ն նոր միգրացիոն քաղաքականություն կմշակի. Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Եվրամիության իշխանությունները նոր միգրացիոն քաղաքականություն կմշակեն, որպեսզի բոլոր անդամ երկրներն ավելի արդար կերպով կիսեն այդ ոլորտի պատասխանատվությունը, հաղորդում է korrespondent.net-ը՝ Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությանը հղումով:

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է փախստականների խնդրի կարգավորման նոր ծրագիր, որը պետք է լինի «բարձրորակ, բայց մարդասիրական»:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է քննել փախստականների հոսքի կառավարման քաղաքականությունը։

«Ես գիտակցում եմ, որ Իտալիան, Հունաստանը և Իսպանիան իրենց աշխարհագրական դիրքի պատճառով ավելի շատ են ենթակա փախստականների ներհոսքին»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Իր հերթին Կոնտեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նորընտիր ղեկավարի հետ հանդիպման ընթացքում գլխավորապես քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ տնտեսական աճը, աշխատանքի տեղավորումը, միգրացիան և կլիմայական փոփոխությունները:

Ինչպես հայտնի է, հուլիսի 16-ին Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովի նոր նախագահ է ընտրել Ուրսուլա ֆոն դեր Լյայենին։  Նա նոյեմբերից պաշտոնապես կփոխարինի Ժան-Կլոդ Յունկերին և կդառնա այդ պաշտոնում առաջին կինը:

Նույն շարքից