Հայաստան 

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Ֆրանսիական համալսարանի ուսանողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան` ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուայի հրավերով, հանդիպել  համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Այս մասին   տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


 Հանդիպման ընթացքում նախարարը ուսանողներին և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությանն է ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, հայկական բանակի զարգացման փուլերը: Անդրադառնալով հասարակություն-բանակ համագործակցության կարևորությանը, պաշտպանական գերատեսչության ղեկավարն այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծել է բուհերի սերտ կապը բանակի հետ: Շեշտելով, որ 2014 թվականը զինված ուժերում հռչակվել է որպես փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի, Սեյրան Օհանյանը նշել է, որ երիտասարդության շրջանում բարձր ու վեհ գաղափարների, ազգային արժեքների կերտման հարցում անշուշտ կարևոր է ուսուցիչ-մանկավարժների, դասախոսների դերը:

 

Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներին և դասախոսներին հետաքրքրող հարցերին: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ է հանձնել համալսարանի մի շարք դասախոսների և ուսանողների: Պաշտպանության նախարարը խրախուսել է նաև հանդիպմանը մասնակցող Ֆրանսիական համալսարանի երկու ուսանողների, ովքեր այժմ ժամկետային զինծառայողներ են:  Զինծառայողներին շնորհվել է կարճաժամկետ արձակուրդ:

Նույն շարքից