ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը անդրադառնալով վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին՝ նշեց, թե ինքն ուրախ է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հանրությունը քննարկում է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը:
«Կարևորն ինձ համար այն է, որ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը կիսում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության գերակայությունը, իսկ ինչ վերաբերում է 2018 թվականի մասին խոսակցություններին, պետք է շեշտեմ, որ դրանք իմ մոտ զարմանք են առաջացնում ոչ միայն էթիկական տեսանկյունից, որովհետև նախագահի մանդատը 4 տարի շարունակվում է, այլև այն տեսանկյունից, որ շատուշատ գործիչների վաղվա օրն է մշուշոտ»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք չի՞ զգում օդից կախված լարվածություն և չի՞ ակնկալում, որ հոկտեմբերի 24-ին Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի Սերժ Սարգսյանի հրաժարականը, նախարարը պատասխանեց. «Ես խոստանում եմ՝ մի գեղեցիկ օր, երբ թեթևանան կրթական գործերը, այդ ժամանակ էքսկլյուզիվ կերպով կանդրադառնամ: Երբ փորձեմ ինչ-որ արժեք հաղորդել ոչ իշխանական ուժերին, այդ ժամանակ գնահատական կտամ»:
Իսկ առայժմ նախարարը դեռ իր ճամպրուկները չի հավաքել: