Հայաստան 

Է. Շարմազանովը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Լիբանանի պատվիրակության հետ

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Լիբանանի Հանրապետության պատվիրակության հետ, տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմը:

Կողմերն արձանագրել են, որ մեր օրերում բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում՝ անհրաժեշտ համարելով խորհրդարանական համագործակցության աշխուժացումն ու խորացումը:

ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել 2000 թվականին Լիբանանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Լիբանանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է վերջերս Դեյր էզ Զորի հայկական Սուրբ նահատակաց եկեղեցու պայթեցմանը՝ այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում: Նա ընդգծել է, որ եկեղեցու պայթեցումը ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է: Լիբանանյան կողմն իր հերթին քննադատել է հայկական եկեղեցու պայթեցումը՝ նշելով, որ նման գործելաոճը որևէ առնչություն չունի իսլամի հետ:

Նույն շարքից