Լավ ապրելու համար պետք է կրթություն: Ընդ որում, կրթությունը պարտադիր չէ հասկանալ բարձրագույն կրթություն: Կրթություն ասելով պետք չէ հասկանալ դիպլոմ: Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, այսօր Հայաստանում կան բուհեր, որոնք ոչ թե կրթություն, այլ դիպլոմ են տալիս. «Կան մարդիկ, ովքեր գալիս ու ասում են, որ բարձրագույն կրթությունով չի կարողանում աշխատանք գտնել: Երբ հարցնում ես՝ քանի՞ օտար լեզու գիտես, ասում է՝ ոչ մի: Սա բարձրագույն կրթություն չէ»:
Վարչապետը նշել է, որ կրթություն ասելով պետք է հասկանալ նաև արհեստագործական կրթություն. «Ընդհանրապես նույնիսկ տաքսի վարելու համար պետք է կրթություն: Մարդը պետք է ինքն իր կրթության վրա աշխատի: Այս ուղերձը հստակ պետք է հղենք: Նման ուղերձ կարող է հղել միայն ժողովրդավարական իշխանությունը, ով չի ցանկանում խավարի մեջ պահել մարդուն, այլ ուզում է քաջալերել: Որքան մարդու կրթական ցենզը բարձր է, այնքան նա ավելի քիչ կառավարելի է մեզ բոլորիս հայտնի իմաստով: Մենք մարդկանց կառավարելու խնդիր չունենք: Մեր խնդիրն է, որ ինստիտուտները կառավարեն ու իշխանությունը պատկանի ժողովրդին, իսկ իշխանություն կրող ժողովուրդը պետք է ինտելեկտուալ լինի»:
Փաշինյանը հայտնել է, որ օրեր առաջ Գոշ գյուղում մինիհանրահավաք է արել երեխաների հետ և հորդորել մեծերին չլսել, երբ վերջիններս ներշնչում են, թե ինչ-որ բան անելու համար պետք է մեջք ունենալ. «Պետք է ունենալ կրթություն, ոչ թե մեջք կամ կոռուպցիոն կապեր»: