Հայաստան 

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ:

 

Ուղերձում ասված է.

 

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:


Խորհրդանշական է, որ այս տարի Հայ մամուլի օրը համընկնում է հայ առաջին պարբերականի` «Ազդարարի» հիմնադրման 220-ամյակի հետ, ինչը ենթադրում է լավագույն ավանդույթների շարունակում, սակայն միաժամանակ նշանակում է ժամանակի մշտարթուն զգացողություն և այդ զգացողության ճշմարտացի վավերագրում այսօրվա ու վաղվա սերունդների, պատմության համար: Բնական է, որ, ի տարբերություն «Ազդարարի» ժամանակների, մամուլն այսօր ոչ միայն մարդկանց լուսավորելու միջոց է, այլև նրանց առաջնորդող, գաղափարներ մատուցող և դրանք իրականացնող`  ձևավորելով և տեղեկատվական տարածք, և աշխարհայացք, և, իհարկե, հասարակական կարծիք:

 

ԶԼՄ-ները երբեք անտարբեր տարեգիրներ չեն եղել` մշտապես գտնվելով իրադարձությունների կենտրոնում, լավագույնս զգալով հասարակական տրամադրությունները, արձանագրելով, արտահայտելով և գնահատելով դրանք: Այսօր անկասելի արագությամբ, երբեմն առարկություն չհանդուրժող ոճով մեր կյանք ներխուժող երևույթներն ու գործընթացները զանգվածային լրատվամիջոցներին ավելի բարդ ու նոր, սակայն դրանց հետ մեկտեղ` նաև բոլոր ժամանակներում առկա խնդիրներ են առաջադրում:

 

ԶԼՄ-ի ու լրագրողի վարպետությունից, պարկեշտությունից ու պատասխանատվության զգացումից է մեծապես կախված, թե ինչպես հասարակությունը կարձագանքի դրանց, ինչպիսի լուծումներ կառաջարկի ու կակնկալի պետությունից ու հենց ինքն իրենից: Մյուս կողմից, մամուլի ու լրատվամիջոցների գործունեության համար պետության ստեղծած միջավայրով ու մթնոլորտով են պայմանավորված հենց իր` պետության և հասարակության զարգացումն ու ապագան: Հայաստանյան լրատվական դաշտն այսօր աչքի է ընկնում հասարակական տրամադրությունների հանդեպ ակտիվ ու աչալուրջ վերաբերմունքով, հասարակության շահերից բխող հարցեր բարձրացնելու և դրանց պատասխանները գտնելու բնական ձգտումով` ողջամտորեն օգտագործելով խոսքի ազատության ու տարաբևեռ կարծիքների արտահայտման բարենպաստ միջավայրի լայն հնարավորությունները, առաջարկելով ազատ քննարկումների ու վերլուծությունների ընդարձակ տարածք:

 

Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ստեղծագործական եռանդ և նոր մտահղացումներ, լավատեսություն և բարեկեցություն: Թող որ ԶԼՄ-ների ներկայիս քանակական բազմազանության մեջ մշտապես գերակայող լինեն մասնագիտական ու բարոյական բարձր նորմերը, արժանապատվությունն ու հավատարմությունը ճշմարիտ խոսքին»: 

Նույն շարքից