Հայաստան 

Սահմանամերձ համայնքի հոգսը կթեթևանա

Փոփոխություն կատարելով իր նախկին որոշման մեջ, կառավարությունը Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնքն ընդգրկել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող համայքների ցանկի մեջ, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով լրացուցիչ այդ համայնքի համար հատկացնելով շուրջ 3 մլն 257 հազար դրամ:

Կառավարությունը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղական համայնքին նվիրաբերել է 0.72 հա մակերեսով հողատարածք՝ մանկապարտեզ և մարզադահլիճ կառուցելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ ավազակոպճային խառնուրդի հանքավայրը հատկացվել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց համայնքին, ինչը հնարավորություն կտա համայնքի վարչական տարածքում գտնվող հողատարածքն օգտագործել նպատակային:

Փախստականների բնակարանային ապահովման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով կառավարությունը հստակեցրել է իրավական ակտերում կիրառվող կացարան/հանրակացարան եզրույթների սահմանումները, փոփոխություններ և լրացումներ կատարելով նախկինում ընդունված մի շարք որոշումներում:

ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի կողմից զբաղեցրած շենք-շինությունների և հողատարածքների նկատմամբ պետական գրանցում իրականացնելու նպատակով կառավարությունը Պետական գույքի կառավարման վարչությանը գումար է հատկացրել չափագրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար, «Վիքիմիեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությանը և «Սատար» հաշմանդամների ՀԿ-ին տարածք տրամադրելու թույլտվություն տվել:

Մեկ այլ որոշմամբ «Աշտարակ ՃՇՇ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած անշարժ գույքը թույլատրվել է ներկայացնել մասնավորեցման՝ դասական աճուրդով, իսկ «Ընդերքաբան» ԲԲԸ-ի գույքը թույլատրել է մասնակի հատուցմամբ օտարել, սեփականության իրավունքով անհատույց բնակարաններ հատկացնելով բնակիչներին:

Կառավարությունը պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրել է կառավարչական հիմնարկին մի շարք պետական ընկերությունների լուծարման արդյունքում ամրացված գույքը օտարել, ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին թույլատրել է Երևանի թիվ 60 դպրոցի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:

 

Կառավարությունն ընդունել է Արագածոտնի մարզի Ջամշլուի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:

Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, Շվեյցարիայի ֆեդերալ տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտ Մուրադ Թովմասյանի և Երևան քաղաքի բնակիչ, նույն ինստիտուտի ասպիրանտ Հայկ Սարգսյանի՝ զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետը երկարացվել է մինչև ուսումնառության ավարտը՝ 2018թ. ամառային զորակոչը:

Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար և ցանկություն ունի իր աշխատանքը շարունակել մասնավոր սեկտորում, հետագայում նույնպես կհամագործակցի կառավարության հետ: Վարչապետն Արմեն Գևորգյանին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել ապագա աշխատանքում: Արմեն Գևորգյանն ասել է, որ անչափ զգացված է իր այս որոշմանը ըմբռնումով մոտենալու համար: Նա խորին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, հանրապետության նախագահին՝ այս տարիներին այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար. «Ես իրոք բավարարվածության մեծ զգացումով եմ հեռանում և հուսով եմ, որ իմ գետելիքներն ու ընդունակությունները նույնպես շարունակելու եմ ծառայեցնել մեր ընդհանուր գործին»: 

Նույն շարքից