Հայաստան 

ՊՆ–ն ունակ է իր առջև դրված խնդիրները լուծել և դեռ մի բան էլ ավելի. Թևան Պողոսյան

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը այսօր՝ «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը և ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով երկօրյա միջազգային սեմինարի ժամանակ, ասաց, որ այս տարվա օգոստոսին սահմանային միջադեպերը ցույց տվեցին, որ ՊՆ–ն ունակ է իր առջև դրված խնդիրները լուծել։

Անդրադառնալով հարցին, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվում պաշտպանության ոլորտին հատկացված գումարները, ասաց, որ հաշվի առնելով սահմանների պաշտպանությունը, ապա կարելի է եզրակացնել, որ լավ, թե Պաշտպանության նախարարությունը լավ, թե վատ իր առաջ դրված խնդիրը լուծում է, չնայած որ ըստ նրա՝ դա բավարար չէ:

«Հաշվի առնելով սահմանների պաշտպանվածությունը ծախսերը լավ է, թե վատ՝ մենք մեր խնդիրները կատարել ենք, և խնդիրների առկայության դեպքում կարելի է մտածել, մի քիչ ավելացնել, թե պակասեցնել: Օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունն ունակ է իր առջև դրված խնդիրները լուծելու և դեռ մի բան էլ ավելի, բայց դրա հետ մեկտեղ էլ՝ մի քանի դասեր քաղեցինք, թե որոնք են մեր բացերը, որ սահմանին կան ազատ վայրեր, որտեղ պարզվում է՝ դիվերսիոն խմբեր են կարողանում անցնել, որտեղ կան ինչ-որ հարցեր, որոնց համար անհրաժեշտ են տարբեր սարքավորումներ»,-նշեց նա:


Ըստ նրա, հենց այդ ժամանակ էլ հասկանալի դարձավ, որ ավելի լավ է շատ ծախսեր անել տեխնիկական խնդիրների վրա և դրանք լուծել ընդունված մեթոդներով, քան թե՝ «պապական եղանակներով»: «Այսինքն` հասկացանք, որ ծախսեր անելով տեխնիկական ոլորտում, միգուցե, կարող ենք մեկ ավել կյանք փրկել, որն ավելի կարևոր է մեզ համար»,-ասաց նա:

Նույն շարքից