Երբ արդեն սոցիալական մանիպուլացիա ես անում՝ ասելով, որ մարդիկ լավ են ապրում, բայց իրենց վրա խաբար չկա, սա բերելու է նոր հեղափոխական ալիքի։ Երբ մարդկանց ասում ես, թե իրենք չեն հասկանում, որ իրականում լավ են ապրում և իրենց կյանքը լավացել է, սա բերելու է ներվի։ Ավելի լուրջ դեմագոգներ, պոպուլիստներ և արկածախնդիրներ օգտագործելու են այս ալիքն ու փորձելու են նոր հեղափոխական վիճակ ստեղծել Հայաստանում։ Մանավանդ, եթե նկատել եք, նոր ուժեր են եկել և ասում են, որ նոր հեղափոխություն է պետք անել, որ Փաշինյանը դավաճանեց հեղափոխական սկզբունքները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը՝ մտավախություն հայտնելով, որ այս սոցիալական մանիպուլիացիան Հայաստանում բերելու է ավելի ռադիկալ տրամադրությունների․ «Կոչ կանեի Նիկոլին գոնե այս տրամաբանության մեջ չխաբել մարդկանց»։
Հարությունյանի խոսքերով, չես կարող մարդկանց ասել, որ լավ են ապրում, որովհետև մարդը գնալու է իր սառնարանը բացի և հասկանա, որ լավ չի ապրում, տեսնելու է ամսվա վերջ նույն աշխատավարձն է ստացել և հասկանալու է, որ լավ չի ապրում, գնալու է սուպերմարկետ և հասկանալու է, որ չի կարողանում այդ աշխատավարձով շատ բան գնել․ «Այսինքն, այդ թվերով անընդհատ մանիպուլացիա անելը բերելու է ավելի մեծ ներվի»։