Հայաստան 

Նախագահը գոհացուցիչ է համարում ավագ դպրոցների ռեֆորմը

analitik.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, եթե ոչ 100 տոկոսով, ապա մեծ մասով կրթության ոլորտում Հայաստանի բռնած ուղին ճշմարիտ է: Հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման միջոցառման ժամանակ նման համոզմունք հայտնեց նախագահը: Նա նախագահական նստավայրում հավաքված աշակերտներին և ուսանողներին նախ խորհուրդ տվեց հետևել միայն արժեքավոր քննադատությանը, այլապես գնալ այն ուղով, որը նախապես ընտրել էին: «Երբ ինչ-որ բանի համար քննադատում են, ուրեմն դուք ինչ-որ բան ներկայացնում եք ձեզնից: Երբ քննադատում են, նայեք, եթե այդ քննադատությունը ճիշտ է, ապա փորձեք ուղղվել, եթե դուք համոզված եք ձեր գործի, ուղու մեջ, շարունակեք ձեր ուղին: Քննադատությունն այսօր դարձել է մեր հասարակական, քաղաքական, միգուցե նաև անձնական կյանքի բաղկացուցիչ մասը»,- ասաց նախագահը` բերելով երկու օրինակ, որոնք վկայությունն են այն բանի, որ երբեմն քննադատությունը տեղին չէ:


«Հիշում եք` ինչքան էին քննադատում, երբ որոշում ընդունեցինք Դիլիջանի միջազգային  դպրոցի ստեղծման մասին: Ես ձեզ հավատացնում եմ` Դիլիջանի ավագ դպրոցի բացմանը ներկա էր այդ քննադատների մի մասը, մյուսներն էլ իրենց տներում շատ մեծ հպարտությամբ ասում էին, թե ինչ է կառուցվել ու ինչ գոյություն ունի Հայաստանում: Նույնը նաև ավագ դպրոցների մասին: Եթե մեր կրթական ռեֆորմները լավը չեն, եթե մենք նպաստել ենք կրթական համակարգի փլուզմանը,  ապա ինչպես է ստացվում, որ փոքրիկ Հայաստանից և ուսանողները, և աշակերտները բոլոր միջազգային մրցույթներում շահում են մրցանակներ: Մեր հարևանները ևս շահում են, բայց ավելի նվազ քանակով` մեզանից 20-30 անգամ ավելի շատ աշակերտներ ու ավելի մեծ հնարավորություններ ունենալով»,-փաստեց Սերժ Սարգսյանը` ի եզրափակումն այդ ամենի նշելով, որ կրթությունն ու գիտությունը մեր երկրի հիմքն ու ապագան են:

Նույն շարքից