Այն, որ հեղափոխության օրերին Արցախը կարողացավ ամուր ու կայուն պահել առաջնագիծն, աննկարագրելի զորություն տվեց Հայաստանի հեղափոխությանը, որովհետև առաջնագծում տեղի ունեցած ցանկացած սադրանք կարող էր գլխիվայր շրջել Հայաստանում քաղաքական զարգացումների տրամադրությունը և բերել անկանխատեսելի հետևանքների: Այս մասին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, որ Հայաստանում հեղափոխությանը մասնակցել է ամբողջ աշխարհը, այդ թվում նաև Արցախը:
Փաշինյանի խոսքերով, հեղափոխության օրերին դերերի խորհրդանշական փոփոխություն է տեղի ունեցել. «Եթե հեղափոխությունից առաջ ու հետո ՀՀ-ն է կանգնած Արցախի թիկունքին, 2018 թվականի գարնանն Արցախը կանգնեց Հայաստանի և հեղափոխության թիկունքին՝ մեծ ուժ տալով հեղափոխության գործընթացներին: Դա բարձր գնահատականի արժանի իրողություն է: Ես կարող եմ լիաթոք ասել՝ հպարտ եմ ձեզանով, սիրելի արցախցիներ, խոնարհվում ենք ձեր առաջ, սիրելի արցախցիներ, սիրում ենք բոլորիդ»:
ՀՀ վարչապետը նշեց, որ տեղի է ունեցել համահայկական հեղափոխություն, քանի որ ժողովուրդը համայն հայ ժողովուրդն է, ինչպես արձանագրված է Սահմանադրության մեջ և ինչպես արձանագրվեց հեղափոխությամբ. «Համահայկական հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ համայն հայության մեջ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, որոնց շարունակական, ինստիտուցիոնալ արմատավորումը հայության շրջանում մեզ կրկին դնելու է աշխարհի առաջատար ժողովուրդների շարքում: Սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, քանի որ արժեքների հաստատումը, ամրագրումը, մարսումը տևական քաղաքական պրոցես է, որը շարունակվում է և դեռ պետք է շարունակվի Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Ըստ այդմ, համահայկական հեղափոխության ամենաառանցքային արդյունքը պետք է լինի այն, որ մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ։ Սա առաջին հերթին նշանակում է, որ պետք է հրաժարվենք մտածելակերպից, երբ իրար բաժանում են՝ արցախցիների, իջևանցիների, գյումրեցիների և այլն»: