Քաղաքական 

6 կետ, որոնց շուրջ պետք է համահայկական կոնսենսուսի գալ. Նիկոլ Փաշինյանը՝ Ստեփանակերտում

Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծելիս, մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք: Բոլոր այն ուժերը, անհատները, ովքեր բռնությունը դիտարկում են, որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն ու նետվեն պատմության աղբանոցը: Այս մասին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն պայմանների մասին, որոնց շուրջ պետք է համահայկական կոնսենսուսի գալ, որպեսզի հնարավոր լինի լուծել առաջ քաշված բոլոր խնդիրները:

Փաշինյանի խոսքերով, միայն մեկ բացառություն կարող է լինել՝ օրինական բռնությունը:

Կոնսենսուս համար 2՝ ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն: Այս առումով չափազանց կարևոր եմ համարում Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում: Հայաստանը պետք է հանդես գա ու հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և դրա միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր:

Կոնսենսուս համար 3՝ Հայաստանի և Արցախի հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է և բոլոր այն ուժերը, որոնք կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, այն ուժերը, որոնք մեր երկրում հանդես կգան որպես օտաերկրյա շահերի ներկայացուցիչ, կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ իշխանության ամենակոշտ հակազադեցությանը:

Կոնսենսուս համար 4՝ Հայաստանն ու Արցախը պետք է զերծ մնան կոռուպցիայից:

Կոնսենսուս համար 5՝ օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար, դատարանները պետք է լինեն անկախ, արտոնյալ խավի առկայությունը պետք է բացառել:

Կոնսենսուս համար 6՝ ամենագլխավորը, Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդի հավանության դեպքում:

Այս սկզբունքի մասին խոսելով՝ կարևորում եմ այն, որ ուղղակի անիմաստ է Հայաստանի իշխանություններին կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ: Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության բերումով: Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ, հետևաբար կարող ենք պաշտպանել ժողովրդի ցանկություններն ու իղձերը, դառնալով դրանց արտահայտողը»:

Նույն շարքից