Հայաստան 

Կառավարման խորհրդարանական մոդելին անցնելով` մենք ոչ թե կնպաստենք իշխանությունների վերարտադրմանը, այլ կկարողանանք կանխել դա. Ռուստամյան

 Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավարը համաձայն չէ հնչող տեսակետների հետ, թե սահմանադրական բարեփոխումներին կողմ քաղաքական ուժերը նպաստում են իշխանությունների վերարտադրմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ իշխանությունների վերարտադրմանը նպաստում են հենց այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են սահմանադրական բարեփոխումներին: «Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ կողմ ենք կառավարման խորհրդարանական մոդելին և միայն այդ դեպքում կարող ենք երկրում իրավիճակ փոխել: Կառավարման խորհրդարանական մոդելին անցնելով` մենք ոչ թե կնպաստենք իշխանությունների վերարտադրմանը, այլ կկարողանանք կանխել դա»,-  ասաց Ռուստամյանը:


Ռուստամյանը նկատեց, որ վերարտադրվել ասելով պետք չէ նկատի ունենալ միայն մեկ անձի: «Վերարտադրություն բառն էլ արդեն եթերային եք դարձրել: Հայաստանում երեք նախագահ է փոխվել, սակայն ես կարող եմ ասել, որ Հայաստանում 23 տարի իշխանությունները վերարտադրվել են. ոչ մի ընտրության արդյունքում մեր երկրում իշխանություն չի փոխվել և սրան վերջ տալու համար մենք պետք է անցնեք կառավարման խորհրդարանական մոդելին, և միայն այս դեպքում մենք կկարողանանք հասնել նրան, որ երկրում ընտրությունների արդյունքում իշխանություն փոխվի»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Նա չհամաձայնեց նաև դիտարկման հետ, թե ՀՅԴ-ն մենակ է մնացել՝ ընդգծելով, որ մենակ է մնացել ՀԱԿ-ը, որն ի սկզբանե դեմ է եղել կառավարման խորհրդարանական մոդելին: Ռուստամյանը նաև հիշեցրեց, որ, բացի ՀԱԿ-ից, մնացած քաղաքական ուժերը 2013թ. ընտրություններից առաջ կողմ էին սահմանադրական բարեփոխումներին և կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն հիմա չգիտես ինչու դեմ են արտահայտվում: «Այդ ինչպե՞ս է, որ այն ժամանակ, երբ իրենք կողմ էին սահմանադրական բարեփոխումներին, չէին նպաստում իշխանությունների վերարտադրմանը, իսկ հիմա մենք, կողմ լինելով այդ բարեփոխումներին, նպաստում ենք: Այս պահվածն անընդունելի է»,- նշեց Ռուսատամյանը:

Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն իր բոլոր քայլերն արել է հրապարակային և թաքուն որևէ քայլի չի գնացել՝ հավելելով, որ իրենք երբեք չեն թաքցրել, որ կողմ են կառավարման խորհրդարանական մոդելին:

Նույն շարքից