Կարո Ղուկասյանին աշխատանքից ազատումը եղել է կառուցվածքային փոփոխությունների պատճառով։ Այս մասին Analitik.am-ին հայտնեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը՝ նշելով, որ ՊՎԾ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը փակվել է և փոխարենը իրավաբանական բաժինը դարձել է իրավաբանական վարչություն․ «Այն ավելի մեծացվել է, և հաստիքն այնտեղ է ավելացվել՝ ի հաշիվ լրատվության բաժնի»։
Ավելի վաղ ՊՎԾ արդեն նախկին աշխատակից Կարո Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ազատվել է աշխատանքից․ «Այսօր ՀՀ ՊՎԾ ժամանակավոր Արգիշտի ԷԼԲԵԿԻ Քյարամյանի հրամանով ես ազատված եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ Պատճառը հաստիքը կրճատումն է չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալը իրենց ծանոթ «բարեկամ» ներին տեղավորել են գործի։
հ.գ. մնացածը շուտով»:
Իսկ ինչ վերաբերում է ծանոթ, ընկեր, բարեկամին, որի մասին գրել էր Ղուկասյանը, ՊՎԾ խոսնակն ասաց, որ խոսքը երևի թե վերաբերում է Արթուր Նահապետյանին, որը սոցիալական վերահսկության վարչության պետի տեղակալի պաշտոնակատարն է։
Աղբալյանը նշեց, որ լինելու է մրցույթ, որին կարող են մասնակցել բոլորը, այդ թվում՝ լրագրողները, և մրցույթի ամփոփման արդյունքում պարզ կլինի, թե ով է նշանակվելու այդ պաշտոնին․ «Բոլոր թափուր հաստիքների մասին հայտարարությունը տեղադրվում է մեր կայքէջում և մարդիկ կարող են հետևել և մասնակցել մրցույթներին»։
Մեր զրուցակիցը հավելեց, որ Ղուկասյանը կարող է մասնակցել մրցույթին և նորից անցնել պաշտոնավարման։