Ռուսական «Победа» ավիաընկերությունը դադարեցնում է Մոսկվայից Գյումրի թռիչքները՝ կապված վառելիքի թերլիցքավորման դեպքերի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը:
Ավիաընկերությունը ոչ մեկ անգամ է դիմել Գյումրիի օդանավակայանին՝ պահանջելով լուծում տալ հարցին, սակայն այն այդպես էլ չի լուծվել:
«Արդեն այսօր «Победа»-ն փակել է ձմռան համար վաճառքները, քանի որ վառելիքի թերլիցքավորումը թյուրիմացություն չէ, այն անվտանգության համար լրջագույն սպառնալիք է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե վառելիքը չհերիքի ոչ ստանդարտ իրավիճակում»,-ասել են ընկերությունից՝ հավելելով, որ թռիչքները կշարունակվեն միայն այն դեպքում, եթե ավիաընկերությունն օդանավակայանից հստակ երաշխիքներ ստանա, որ նման բան այլևս չի կրկնվի:
Ավելի վաղ որոշ հայկական լրատվամիջոցներ գրել էին, թե իրականում թյուրիմացություն է եղել, որն արդեն հարթվել է, ու թռիչքները շարունակվելու են:
Analitik.am-ի հետ զրույցում էլ Քաղավիացիայի վարչությունից հայտնել էին, որ ուսումնասիրում են տեղեկությունը: