Հայաստան 

Գալուստ Սահակյանը վստահ է սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիայի հարցում

analitik.am

Ընդդիմությունը միշտ մտածում է, որ իշխանություններն իրենից վախենում են, սակայն իրականում որևէ լուրջ շարժում չպետք է իր մեջ ճնշում գործադրելու  գաղափարախոսություն ունենա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ Նախագահի՝  սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշումը փետրվար-մարտ ամիսներին հայտնելու մասին որոշումը  եռյակի սկսած շարժման ճնշման հետևանք է: «Ես չեմ կարծում, որ որևէ լուրջ շարժում ճնշման գաղափարախոսություն պետք է ունենա: Պարզապես ընդդիմությանը պետք է ժողովրդի վստահությունը, և այդ վստահության ձևերից մեկն էլ այն է, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պետք է վախեցած լինի, իրանք էլ ասեն՝ տես, ժողովուրդ, ինչքան են վախենում, ուրեմն մենք ճշմարիտ ենք: Նրանք խառնիխուռն, ավելի շուտ` ամբոխավարական տրամաբանությամբ արձանագրումներ են անում, քան իրականում կարող է լինել»,- նշեց ԱԺ նախագահը:


Գալուստ Սահակյանն ասաց, որ կոնկրետ իր և իր թիմի վրա այս պայքարը մեծ ազդեցություն ունեցավ, որովհետև դրա  ակունքներում ժողովուրդն է կանգնած: «Բնականաբար, մենք նաև հաշվի ենք նստում, պարտավոր ենք լսել ժողովրդի մոտեցումները: Իսկ այդ մոտեցումները մենք ամեն օր ենք լսում: Մենք ինքներս ենք ասում՝ արտագաղթ, կոռուպցիա, մենք ինքներս ենք մեր ինքնաքննադատը: Մի փոքր կոշտացրած ձևով ընդդիմադիրները սա ներկայացնում են հասարակությանը»,- ասաց ԱԺ նախագահը:

 

Հարցին՝ եթե սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիա չլինի, հնարավո՞ր է, որ իշխանությունները հետաձգեն սահմանադրական փոփոխությունները, նա պատասխանեց, որ չի կարծում, որ կոնսոլիդացիա չի լինի: «Հայաստանում միայն այդ երեք կուսակցությունները չեն, այն էլ այնպիսի կուսակցություններ, որոնք առանձին-առանձին տարբեր մեկնություններ ունեն: Մենք ունենք բավականին շատ արտախորհրդարանական  քաղաքական ուժեր, միայն Հանրապետական խմբակցությունում հինգ կուսակցությունների լիդերներ են նստած, ՀՅԴ-ն էլ դրական է վերաբերում սահմանադրական բարեփոխումներին: Քաղաքական ուժերի կոնսոլիդացիան ենթադրում է, թե ինչպիսի վերաբերմունք կդրսևորի ժողովուրդը»,- ընդգծեց Սահակյանը:

 

Գալուստ Սահակյանի խոսքով՝ ընդդիմությունն ապակողմնորոշում է ժողովրդին, տպավորություն է ստեղծվում, թե ժողովուրդը չի ուզում սահմանադրական փոփոխություններ, չգիտի Սահմանադրությունն ինչ է: Նա ընդգծեց, որ ժողովուրդը շատ լավ հասկանում է խնդիրը, բայց չի կարող խորանալ Սահմանադրության մեջ, իսկ քաղաքական ուժերը նրա համար են, որ կարողանան իրենց դիրքորոշումներով ժողովրդին իրենց հետևից տանել:

Նույն շարքից