Հայաստան 

Ադրբեջանական պատվիրակությունը նեղացել է միջխորհրդարանական միությունից

analitik.am

Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցած ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը մեծ ձեռքբերում է համարում նշյալ վեհաժողովը Ադրբեջանում անցկացնելու առաջարկի մերժումը: Պատգամավորի խոսքով` նախորդ տարի ադրբեջանական պատվիրակությունը հայտ էր ներկայացրել, որ հաջորդ հրավիրյալ պետությունն Ադրբեջանը լիներ: Դա այդ պետությանը չի հաջողվել, ինչին ի պատասխան` այս տարի նրանք չեն ներկայացել վեհաժողովին: «Մենք կարողացանք նաև մեր պատվիրակության կողմից հաջող ելույթների արդյունքում ապացուցել, որ Ադրեբեջանն այն երկիրը չէ, որ նրա առաջարկն ընդունեն ու 166 երկրի խորհրդարանականներ մեկնեն այնտեղ: Այս անգամ Ադրբեջանի պատվիրակությունը չէր եկել նիստերին, նրանք նեղացել էին միջխորհրդարանական կոմիտեից, որ մերժել էին նրանց առաջարկությունը»,-տեղեկացրեց Հեղինե Բիշարյանը:


Պատգամավորը հայտնեց, որ ընդգրկված է կանանց խնդիրներին առնչվող կոմիտեում, որտեղ քննարկման հիմնական թեմա եղել է էբոլա համաճարակի աշխարհագրական ընդլայնումը: «Կանանց կոմիտեում քննարկվեց նաև կինը և ընտանիքը, կինը և քաղաքականությունը, կինը և սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերը: Մենք բավականին օրինակներ ենք քաղում այս քննարկումներից, որոնք կարող են կիրառելի լինել մեզ համար: Որոշ հարցերի առումով էլ մենք ենք առաջատար, որը կարող է ուսանելի լինել մյուս երկրների համար»,-ասաց Բիշարյանը:


Պատվիրակության մյուս անդամ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն էլ կարևորեց միջխորհրդարանական միության վեհաժողովի ձևաչափը` նշելով, որ դա այն կառույցն է, ուր գրեթե բոլոր երկրների պառլամենտների ներակայացուցիչները հավաքվում ու քննարկում են արդիական հարցեր:


Նույն շարքից