2019 թվականի հունիսի 7-ին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց: Օրեր անց նրան փոխարինեց Ռուստամ Բադասյանը: Հրաժարականից հետո Արտակ Զեյնալյանը կարծես անհետացել է, նրա մասին որևէ նորություն չկա:
Հրաժարականից հետո Զեյնալյանի ֆեյսբուքյան էջը ևս պասիվ է՝ հրապարակվել է մեկ ընտանեկան լուսանկար և նախկին նախարարի գրառումը՝ հայրիկի մահվան մասին:
Analitik.am-ի հետ զրույցում Հանրապետություն կուսակցության անդամ, Երևանի ավագանու Լույս խմբակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե որտեղ է հիմա պարոն Զեյնալյանը, ինչով է զբաղվում ու ինչ պլաններ ունի, ասաց, որ Զեյնալյանին տեսել են վերջինիս հայրիկի հոգեհանգստին. «Չգիտենք, թե ինչով է զբաղվում, որտեղ է ու ինչ պլաններ ունի: Նա գրասենյակում չի եղել, միգուցե նաև ամառվա սեզոնն է պատճառը: Չեմ կարող ասել: Ամեն դեպքում պաշտոնից հեռանալուց հետո մեկ անգամ ենք նրան հանդիպել»:
Տիկին Խաչատրյանի խոսքերով, միգուցե կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հանդիպել է վերջինիս հետ. «Ամեն դեպքում կուսակցության հետ պարոն Զեյնալյանը թե՛ նախարար եղած ժամանակ, թե՛ դրանից հետո հանդիպում չի ունեցել»: