Հայաստան 

ԱԺ փոխնախագահը խախտում է մարդու իրավունքները. Լ. Զուրաբյան

analitik.am

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խախտում է պատգամավորի իրավունքը, երբ որոշելով, որ ասվածը էթիկայի սահմաններից դուրս է, անջատում է նրա խոսափողը:

 

«Այն, ինչ կատարվեց Զարուհի Փոստանջյանի նկատմամբ անընդունելի է, մենք քննարկում ենք մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը և ԱԺ նախագահի տեղակալը խախտում է մարդու իրավունքները, պատգամավորի իրավունքները, խախտում է մեր ժողովրդի ընտրյալի իրավունքները: Պառլամենտարիզմի կանոններից կարևորն այն է, որ պատգամավորը պետք է խոսքի իրավունք ունենա»,- ասաց նա:

 

Էդուարդ Շարմազանովը հորդորեց իրեն դասեր չտալ, որից հետո Լևոն Զուրաբյանը մատնանշեց, որ ԱԺ նախագահի տեղակալը շարունակում է նույն ոգով խախտել պատգամավորի իրավունքները:

 

«Ես կարող եմ Զարուհի Փոստանջյանի հետ համակարծիք չլինել, ինչը հիմնականում այդպես է, բայց ես ինձ թույլ չեմ տա խախտել նրա խոսքի իրավունքը»,- ասաց նա:

 

Այնուհետև ելույթ ունեցավ Էդուարդ Շարմազանովը, ով հորդորեց պատգամավորներին սեփական կանոնակարգով ուրիշի տաճար չմտնել:

 

«Համաձայն կանոնակարգ օրենքի 6-րդ հոդվածի՝ պատգամավորը հարգալից վերաբերմունք պետք է դրսևորի մյուս մասնակիցների նկատմամբ, 45-րդ կետի համաձայն՝ կարգազանց են այն պատգամավորները, ովքեր աղմկում են կամ վիրավորական արտահայտություններ են անում: ԱԺ ղեկավարը իրավունք ունի նկատողություն անել, այնուհետև անջատել խոսափողը նման դեպքում: Եթե մարդկանց հանցագործ անվանելը, վիրավորելը նորմալ է, ուրիշ հարց, մարդ կա երեսին թքում ես ասում են անձրև է գալիս…»,- ասաց նա:

 

Նրա խոսքը տեղից ընդհատեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ընդգծեց, որ ինքը որևէ մեկին չի վիրավորել, ինչին Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. «Ասում է՝ … ավետարան են կարդում, ասում է ոչխարս փախավ, հիմա ձեր մասին է»:

Նույն շարքից