Հասարակություն 

Սա յուրովի մի պատասխան է ագրեսիային ու բռնությանը․Բակո Սահակյանը՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը

ՀՀ մեծարգո վարչապետ, մեծարգո նախագահ Ղուկասյան, գերաշնորհ Սրբազան հայրեր, սիրելի հայրենակիցներ։

Այսօր հիշարժան օր է Արցախի կյանքում․ համահայկական ամառային խաղերն առաջին անգամ անց են կացվում մեր հանրապետությունում։ Այստեղ են գտնվում մայր Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից բազմաթիվ մարզիկներ ու մարզուհիներ։ Ու պարզապես մարդիկ, ովքեր սիրում են սպորտը։ Այստեղ չկան հյուրեր, այստեղ բոլորն իրենց տանն են՝ իրենց պապենական օջախում։ Բարի գալուստ Արցախ աշխարհ։

Հայ ժողովուրդը սպորտի հանդեպ միշտ ունեցել է ընդգծված վերաբերմունք։ Դեռևս վաղնջական ժամանակներում Հայաստանում կազմակերպվում էին համաժողովրդական խաղեր, իսկ հայ մարզիկները մասնակցում էին տարբեր սպորտային մրցաշարերի, այդ թվում նաև՝ անտիկ ժամանակների  օլիմպիական խաղերին։

Համահայկական խաղերն իրենց բնույթով կարելի է համարել մեր սպորտային անցյալը, ներկան ու ապագան իրար կապող կարևորագույն օղակ։

Համահայկական 7-րդ ամառային խաղերը Արցախում անցկացնելու որոշումը կայացվել է 2016թ․՝ ապրիլյան պատերազմից հետո, ինչն, ինքնին, խորհրդանշական է։ Սա յուրովի մի պատասխան է ագրեսիային ու բռնությանը։ Միաժամանակ հանդիսանում է ատելության ու թշնամանքի հակապատկերը։ Այն չի ճանաչում սահմաններ և խոչընդոտներ, միավորում է տարբեր ազգերի ու երկրների։ Մեր պարագայում դա ևս մի խթան է ՝ ուղղված Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը։ Ճակատագրի բերումով աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր քույրերն ու եղբայրները այս միջոցառման շրջանակներում հնարավորություն են ստանում մոտիկից ճանաչելու իրենց հայրենիքը, շփվելու իրար հետ, ջերմ կապեր, դրական լիցքեր ստանալու հայրենի հողից՝ դառնալով ավելի համախմբված, ուժեղ ու անպարտելի։ Հենց դրանում է մեր ժողովրդի ուժը, դրանում է մեր անպարտելիությունը, մեր հաղթանակների իմաստը։ Այդպես եղել է, այդպես կլինի այսուհետ։

Եվ ես ուզում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս ամենը կյանքի կոչելու համար։

Սիրելի՛   հայրենակիցներ, մեկ անգամ ևս ողջունում եմ Համահայկական 7-րդ ամառային խաղերի բոլոր մասնակիցներին և մաղթում մեծագույն հաջողություններ։ Վստահ եմ, որ այս օրերը կվերածվեն սպորտային մեծ տոնի՝ հետաքրքիր պահեր պարգևելով մեզ և անմոռանալի հետք թողնելով բոլորիս սրտերում։  Անկախ արդյունքներից այս խաղերում չեն լինելու պարտվողներ։ Հաղթելու է մեր  ողջ ժողովուրդը, հաղթելու է մեր միասնականությունը, մեր միասնական կամքն ու վճռականությունը։

Կեցցե՛ մեր ժողովուրդը, կեցցե՛ն Մայր Հայաստանը, Արցախը ու աշխարհասփյուռ հայությունը։

Նույն շարքից