Հայաստան 

«Ազատ դեմոկրատներ»–ը դատապարտում է Շանթ և նրա ընկերների նկատմամբ կայացված դատավճիռը

analitik.am

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ կայացված դատավճիռը։
Հայտարարությունում ասվում է հետևյալը.

«Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ կայացված դատավճիռն ակնհայտ քաղաքական հետապնդում է:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, քանզի այն կայացվել է ելնելով Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների քաղաքական հայացքներից ու այդ կերպ կոպտորեն ոտնահարվել է անձի սահմանադրական իրավունքը:

Առանձնակի ուշադրության է արժանի այն անընդունելի երևույթը, երբ քաղաքական հայացքների համար հետապնդվում է նաև Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը: Սա ևս խոսում է իշխանությունների անհանդուրժողականության դրսևորման մասին:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը նաև համարում է, որ Վոլոդյա Ավետիսյանի և Վարդան Պետրոսյանի նկատմամբ կայացված դատական վճիռները ևս ակնհայտ քաղաքական հետապնդում են:

Փաստացիորեն, ՀՀ իշխանությունների` մասնավորապես ՀՀ դատական համակարգի թեթև ձեռքով անտեսվում է ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքները:

Պետք է օր առաջ վերջ դնել այս արատավոր երևույթին, քանզի իրեն ժողովրդավար հռչակած պետության համար քաղբանտարկյալների առկայությունը պետք է անընդունելի և անհամատեղելի լինի»: 

Նույն շարքից