Հայաստան 

Վահրամ Բաղդասարյանը օմբուդսմենին խորհուրդ տվեց իր անկախությունը հաստատելու համար պատգամավորներին չմեղադրել

analitik.am

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին խորհուրդ տվեց իր անկախությունը հաստատելու համար պատգամավորներին չմեղադրել: Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ իրենք հաստատում են ՄԻՊ ինստիտուտը: «Հարգելի՛ս, սակայն դա չի նշանակում, որ դուք ձեր անկախությունը հաստատելու, ցույց տալու և Ձեր կայացման համար պետք է մեղադրեք պատգամավորներին չհամագործակցելու և չաջակցելու մեջ»,-նշեց Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի այն հայտարարությանը, թե պատգամավորներն իրեն ընտրել են, սակայն չեն աջակցում իրեն:


ՀՀԿ խմբակցության ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին հիշեցրեց, որ եղել են դեպքեր երբ իր կողմից կազմակերպված միջոցառումներին հրավիրվել են պատգամավորներ, ովքեր պարտաճանաչ կերպով ներկայացել են, սակայն ինքն իր իսկ կազմակերպած միջոցառմանը ներկա չի եղել: «Դուք Ազգային ժողովի հանձնաժողովից հրավեր եք ստանում չեք ներկայանում, հիմա էլ այստեղ կանգնել պատգամավորներին մեղադրում եք ձեզ հետ չհամագործակցելու և չաջակցելու մեջ: Այդպես չի կարելի: Ես հասկանում եմ՝ երիտասարդ եք դա ժամանակի հետ կանցնի»,- նշեց Բաղդասարյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պատգամավորները կարևորում են ՄԻՊ ինստիտուտը և պատրաստ են սերտ համագործակցության: Նա նկատեց, որ իրենք ընտրել են Կարեն Անդրեասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում և դրա համար չեն փոշմանել:

Նույն շարքից