Հայաստան 

Եռյակը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել

analitik.am

Ազգային ժողովում այսօր ոչ իշխանական եռյակը հերթական նիստն է անցկացրել, որը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը բնորոշեց արտակարգ խորհրդակցություն:


Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քննարկվել է մեկ հարց՝ ԱԺ-ում քննարկվող «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ Հակոբյանի` սահմանամերձ համայնքի և հարակից օրենքների համատեղ փաթեթում ընդգրկվել են այլ օրենքներ, որոնց քննարկումն արտահերթ չէ ու կապ չունի սահմանամերձի հետ:


«Այն արտահերթը, ինչ-որ ներկայացված է և քննարկվում է, մեկ փաթեթով է ներկայացված: Այնտեղ առկա օրենքները անհրաժեշտ են, բայց արտահերթ ռեժիմով են բերել այնպիսի օրենքներ, որոնք կապ չունեն սահմանամերձ համայնքի օրենքի հետ»,- ասաց նա և հավելեց,թե նպատակը մեկն է` ժամանակ ձգել:

 

«Ժամանակը լցնել օրենքներով, որպեսզի հնարավորություն չընձեռվի ընդդիմության արտահերթ կարգով ներկայացված հարցերը քննարկվեն»,- ասաց նա:


Պատգամավորը շեշտեց, որ մեծամասնության ակտիվությունը ևս դրան է նվիրված, որ ժամանակը չհերիքի: «Մենք գտնում ենք, որ դա մանր խորամանկություն է, հանկարծ թմբիրից արթնանում ու հասկանում են, որ այնքան օրենքներ կան, որ արտահերթ ռեժիմով պետք է քննարկեն և բերում են, արհեստականորեն կցում իրար: Այն, ինչ այսօր ներկայացրել են, հեռու է պառլամենտական տրամաբանությունից»,- նշեց նա:

Նույն շարքից