Բրիտանական BBC-ն այսօր հրապարակել է 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող ծավալուն հոդված` շեշտելով, որ քննության փաստաթղթերին բացառիկ հասանելիություն է ստացել։ Այս մասին հայտնում է Առավոտը:
Ըստ այդմ, աղբյուրը նշում է` Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի գործի քննությունը կարծում է, որ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ):
Բացի այդ, քննության` BBC-ի տրամադրության տակ հայտնված որոշակի փաստաթղթերում որպես առանցքային դերակատարներ հանդես են գալիս երկու նախկին նախագահներ և երկու ազդեցիկ նախկին պատգամավոր-գործարարներ։
Այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն ասաց, որ Մարտի 1-ի զոհերի մահանալու պատճառները համասեռ չեն, չի եղել, որ բոլորին կանգնած գնդակահարել են մի տեղ, կան տարբեր պատճառներով զոհեր՝ բութ գործիքից, նռնակի վրա պայթյունից և այլն. «Այն կոնցեպտը, թե եղել է մի ջոկատ, որն ասել է, որ կկրակեն, ինչպես գրված է BBC-ում, և գնացել կրակել են, չի համապատասխանում փաստերին, որոնք հայտնի են: Մենք տեսնում ենք մանիպուլյացիայի հստակ փորձ: Ես չեմ ասում՝ BBC-ի կողմից: Մենք կկապվենք՝ հասկանալու համար, թե ինչպես է առաջացել այդ հոդվածը և ինչու է այս պահին այս ծավալով դուրս գալիս»:
Օրբելյանի խոսքերեվ, հոդվածում գրված է, որ այդ օրերին 20 հոգանոց խումբ գտնվել է նախագահական պադվալում, նրանց հետ պարբերաբար հանդիպել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իրենք ասել են, որ կկրակեն, կրակել են, զոհերն իրենց պատճառով են. «Այս փաստական հանգամանքների շրջանակը չի համապատասխանում իրականությանը և չի բխում գործի նյութերից: Գործի նյութերում չկան հանգամանքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի դա կհաստատեն»: