Հայաստան 

Հարկերից ազատման հարցում առաջնահերթություն կտրվի թշնամու կրակոցների տակ գտնվող սահմանամերձ գյուղերին. փոխնախարար

analitik.am

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը սահմանամերձ գյուղական համայնքներին հարկերից ազատելու մասին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը դիմեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին։

«Երբ ասում էինք՝ ոնց է ընտրված է գյուղերի ցանկը, ասում էիք՝ Կառավարությունը կորոշի, ասում էինք` ինչի՞ հիման վրա է, ասում էիք՝ կատարել ենք հետազոտություն: Այդ ո՞նց հասկանանք, հետազոտություն կատարել եք, գիտեք՝ որ գյուղերն են, թե՞ չափորոշիչները նոր են որոշվելու»,-հարցրեց նա:

Փոխնախարարը նշեց, թե չափորոշիչներն ու համայնքների ցանկը դեռևս որոշված չէ, բայց առաջնահերթություն կտրվի այն բնակավայրերին, որոնք մշտապես թշնամու կրակոցների տակ են, սակայն սոցիալական վիճակը ևս հաշվի է առնվելու:

«Այո, նախնական հաշվարկներ կատարվել են և հաշվի են առնվել այն տարածաշրջանները, որոնք մարտական գործողությունների գոտում են և լարվածություն կա»,-ասաց նա:

Պատգամավորը նաև նշեց, որ երբ Հայաստանում օրեր առաջ դժգոհություն բարձրացավ «Շրջանառության հարկի» համար, խնդիրը պատժամիջոցների իմաստով գործողություններն էին. «Ի՞նչ եք մտածում, որ հարկային մարմինները չկատարե՞ն գործողություններ, որ այստեղ բարձրաձայնում էր ժողովուրդը»:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Փաստաթղթավորման հետ կապված չի կարող լինել մի իրավիճակ, երբ ամբողջությամբ ազատում ենք հարկերից մի տարածք, մյուս կողմից ստեղծում մի հարթակ, որտեղ տնտեսվարող սուբյեկտները կարող են արհեստականորեն ձևավորել մանրածախ առևտրի օբյեկտներ ու քողարկել իրենց իրացման շրջանակները: Ստացվում է` մենք խոշորին հուշում, ասում ենք` առանց փաստաթղթերի կարող եք այս եղանակով քողարկել ձեր իրացման շրջանակները: Դրանք անհամադրելի են»:

Թևան Պողոսյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք այս օրենքը միայն ՓՄՁ-ների՞ն է վերաբերում, թե նաև այն հիմնարկներին, ովքեր ԱԱՀ-ով են աշխատում: Միրումյանը պատասխանեց, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտներին էլ վերաբերում է:

Նույն շարքից