Հայաստան 

Նախագահը ներկա գտնվեց Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցի բացմանը

analitik.am

Աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցի բացման արարողությանը: Արվեստի դպրոցի շենքը կառուցվել է «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարանին կից «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի հաշվին: Ծրագրի սկիզբը դրվել է նախորդ տարի հունիսին, ավարտվել` այս տարվա հոկտեմբերին:

 

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և Շիրակի մարզպեպ Ֆելիքս Ցոլակյանի ուղղեկցությամբ նախագահը շրջեց կրթահամալիրում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին ու գործունեությանը:

Կրթահամալիրում գործելու են երգի, պարի, բալետի, նկարչության, քանդակագործության մասնագիտական դասարաններ, պարասրահ և համերգասրահ: Կրթօջախ կարող է հաճախել 300 երեխա: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ` նման կրթօջախները երիտասարդ սերնդի դաստիարակման գործում մեծ դերակատարություն ունեն: Պողոսյանի կարծիքով` շատ կարևոր է, որ արվեստի դպրոցը հանրակրթական դպրոցին կից է գործելու, և երեխաները, մի միջանցքից մյուսն անցնելով, կընկղմվեն մշակույթի ոլորտ:

 

«Սա մի հրաշալի ծրագիր է, որ պետք է իրականացնեն նաև այլ քաղաքներում: Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ դպրոցում ներառված են այնպիսի մասնագիտություններ, որոնք շատ քիչ են դասավանդվում»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:

 

«Օյունջյան» հիմնադրամի բարերար Հովհաննես Օյունջյանն էլ շեշտում է, որ մտահղացումն ուղղված է ազգի վերելքին ու զարգացմանը: Բարերարը վստահ է, որ առանց կրթության և մշակույթի ազգը չի կարող գոյատևել: «Կոչ եմ անում բոլոր բարերարներին, այն մարդկանց, ովքեր հեռացել են հայրենիքից և հաստատվել օտար ափերում, չմոռանալ հայրենիքի մասին, նյութապես օժանդակել ու հատկապես ներդրում կատարել մշակութային ոլորտում»,- ասաց Օյունջյանը:

Նույն շարքից