Հայաստան 

Մեր ժամանակ պետք էր՝ արել ենք, պատերազմի տարիներին 7% աճ ենք ստացել, ստացեք էդ աճը. Հ. Բագրատյանը՝ Վ. Այվազյանին

analitik.am

Սահմանամերձ համայնքներին հարկերից ազատելու մասին նախագծի փաթեթի քննարկմանը այսօր ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դիմելով օրենքի հարակից զեկուցող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին, հարցրեց, թե ինչպես կարելի է արտոնություն տալ՝ չիմանալով ո՞ւմ և չիմանալով ինչքան ժամանակ:

«Այստեղ Կառավարությանը վստահել-չվստահելու խնդիր չէ, ուրախ ենք, որ Կառավարությունն ընդառաջում է, բայց մի սկզբունքային հարց՝ չիմանա՞նք՝ ում ենք տալիս»,- հարցրեց նա և ավելացրեց, թե Սահմանադրությամբ պետության բյուջեն հաստատում է խորհրդարանը և ուստի նա էլ պիտի որոշի ցանկացած օրենք, որը կապված է բյուջեի ավելացման կամ պակասեցման հետ:

Ապա ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց, որ «նորմալ օրենք ունենալու դեպքում» խորհրդարանը կիմանար, որ շահութահարկի ու եկամտահարկի մեծ մասը պետք է մնա տեղերում.

«Այդպես է Ռուսաստանում, ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից, ո՞վ ա տեսել եկամտահարկը գա պետական բյուջե, հանրապետական բյուջե գալիս են անուղղակի հարկերը, ուղղակի հարկերը, որպես կանոն, գնում են տեղային»,-ասաց պատգամավորը:

Վարդան Այվազյանը փորձեց հստակեցնել, թե օրենքը վերաբերում է սահմանամերձ համայնքներին, որոնց ցանկը կազմվում է Կառավարության կողմից: «Հիմա Դուք դե՞մ եք, որ Կառավարությունը կազմի: Հիշողությունս, որ պրպտում եմ, ինչ-որ բաներ եմ հիշում՝ 1995 թ-ին Ձեր վարչապետության օրոք ընդունեցիք մի օրենք, որը հնարավորություն էր տալիս Կառավարությանը որոշում ընդունել, որով սահմանվեցին ողջ հարկերն ու տուրքերը. դե էն ժամանակ ուրիշ էր, հիմա՝ ուրիշ»,-ասաց Այվազյանը՝ դիմելով Բագրատյանին, ով տեղից խոսում էր, սակայն ձայնը չէր լսվում:

Արձագանքման ժամանակ Հրանտ Բագրատյանը ևս հիշեց իր վարչապետության տարիները և ասաց. «Մեր ժամանակ տենց ա եղել՝ լավ ա եղել, պետք էր՝ արել ենք, պատերազմի տարիներին 7% աճ ենք ստացել, ստացեք էդ աճը, ձեր պատասխանը, ռեակցիան ճիշտ չէ՝ թե սենց եք արել, պետք էր՝ արել ենք»,- ասաց նա:

Բագրատյանը հավելեց, որ ընդամենը պարզ հարցի պատասխան էր ուզում ստանալ՝ որո՞նք են լինելու այն սահմանամերձ համայնքները, որոնց նկատմամբ կիրառվելու է այս օրենքը, սակայն, այդպես էլ չիմացավ:

Նույն շարքից