Հայաստան 

Սուքիաս Ավետիսյանը՝ եռյակի նախագծերի մասին

analitik.am

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել  է  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքին, թե հանրապետականներն ամեն ինչ անում են, որպեսզի իրենց կողմից առաջ քաշված նախագծերը չքննարկվեն, ասաց, թե՝ իրենց ներկայացրած այդ նախագծերն ընդամենը միտինգավորների համար են:

«Ես այդտեղ որևէ լուրջ բան չեմ տեսել, իսկ Հանրապետականն էլ իր գործով է զբաղված. այնպես չէ, որ մենք արհեստական խոչընդոտներ չենք ստեղծում»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերն ԱԺ են ներկայացրել «ՀՀ-ում կառավարական ճգնաժամը հաղթահարելու ուղիների» մասին որոշման նախագիծը, որը չի քննարկվել:

«Մեզ համար ավելի կարևոր է սահմանամերձ տարածաշրջանների հարկային արտոնությունների, և ընդհանրապես, հարկային դաշտում փոքր ու միջին բիզնեսի արտոնությունների հարցով զբաղվենք, դա քննարկենք, քան ինչ-որ տարբեր նախագծեր քննարկենք, որոնք անիմաստ են ու որևէ խնդիր չեն լուծում»,- նշեց Սուքիաս Ավետիսյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ոչ իշխանական ուժերը միտինգավորներին ասելու բան չունեն, հիմա պետք է գնան ու ասեն, թե հանրապետականները չթողեցին մեր նախագծերը քննարկենք, դրանք տապալվեցին, դրանք շատ կարևոր էին:

«Թող բացատրեն, թե դրանք ինչո՞վ են կարևոր այն նախագծերից, որոնք մենք հիմա քննարկում ենք Ազգային ժողովում»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Նույն շարքից